Արմեն Սարգսյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել. Ռուբեն Թադևոսյան
ՀՀԿ-ի կողմից առաջադրված 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, չնայած ակտիվ հանդիպումներին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դեռևս չի հայտնել՝ ընդունում է,թե ոչ առաջարկը:Tert.am-ին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Մեզ մոտ պաշտոնական քննարկում դեռ չի եղել իր որոշման մասին» ,-ասաց ՀՀԿ-ականը՝ ի պատասխան հարցի, թե ունե՞ն թեկնածուի պատասխանը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկեց համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, իսկ վերջինս էլ ժամանակ խնդրեց վերջնական որոշում ընդունելու համար, իսկ դրանից առաջ նախաձեռնեց հանդիպումների շարք մտավորականների, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ ՌԴ-ում հայ համայնքի:
Հարցին, թե երբ են Արմեն Սարգսյանից ակնկալում վերջնական պատասխան, Ռուբեն Թադևոսյանը նկատեց, որ օրենքն այս առումով հստակ կարգավորում ունի, նշվում է, որ փետրվարի 19 -29 ԱԺ խմբակցությունների կողմից ՀՀ Նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետն է:










