Թուրքիայի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը Դիարբեքիրը կոչել է «Տիգրանակերտ» և հայտնվել թուրքական մամուլի թիրախում

09:49 • 05.02.18

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության կազմակերպած Դիարբեքիր այցից հետո սոցցանցերից մեկում արած գրառման մեջ կիրառել է քաղաքի հայկական «Տիգրանակերտ» անվանումը:

Հայազգի պատգամավորի այս քայլը չի վրիպել իշխանամետ ազգայնական մամուլի աչքից, որը խիստ հակազդեցություն է ցույց տվել նման գրառմանը:

«Ինչպես հասկացվում է՝ Տիգրանակերտը հայերի՝ Դիարբեքիրին տված անունն է: Հայկական աղբյուրները պնդում են, թե Դիարբեքիրը մեր թվարկության առաջին դարում հիմնադրվել է այստեղ իր տիրապետությունը հաստատած հայ Տիգրան արքայի կողմից: Սելինա Դողանը, օգտագործելով Տիգրանակերտ անունը, կարծես փորձում է մեջտեղ բերել այն վարկածը, թե դա նաև հայկական քաղաք է: Երևում է, որ այս տիկինը մոտ ապագայում էլ չի հրաժարվելու նման ելույթներից», - գրել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դողանը, անդրադառնալով Թուրքիայում՝ Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում թուրքական իշխանությունների կողմից հնագույն պատմական կոթողների ավերմանը, նշել էր, որ իրենք ցավում են, որ ոչնչացվում է Թուրքիայում ապրող ժողովուրդների պատմությունը: