Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Փարիզին կոչ է անում երկխոսություն սկսել Արցախի իշխանությունների հետ
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում Ֆրանսիային բաց, ուղիղ և կառուցողական երկխոսություն սկսել Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ։ Արցախի ֆրանսիացի բարեկամները համոզմունք են հայտնում, որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ֆրանսիայի և Արցախի միջև կապերի հաստատմանը։ Այս առումով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի փորձերը՝ միջամտել Ֆրանսիայի հյուպատոսական գործունեությանը, ինչպես նաև ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա՝ Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու նպատակով։
Բարեկամության շրջանակը նշում է, որ Ադրբեջանի նման գործելաոճը դատապարտված է ձախողման, իսկ Ֆրանսիայի և Արցախի ժողովուրդների միջև կապերի խորացմանն ուղղված հետևողական ջանքերը շարունակվելու են՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման կարևոր գործոն։
Բարեկամության շրջանակը համարում է, որ Ադրբեջանը փորձում է մեկուսացման և առճակատման իր քաղաքականությունը հակադրել խաղաղությանը և համագործակցությանը, ինչը միայն խորացնում է տարածաշրջանում առկա խնդիրները։
«Ադրբեջանի փորձերը` ժողովրդավարական Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար ստանդարտները, ուղղակի վրդովեցուցիչ են։ Անթույլատրելի եմ համարում Արցախի քաղաքացիների ազատությունների սահմանափակումը», - նշել է Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախը 1994 թ. մայիսին կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կողմ է, և այս առումով կոչ է անում Ֆրանսիային և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին ուղիղ կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ և անկողմնակալություն ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հետ հարաբերություններում։
«Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունների անտեսումը խախտում է 1994 թ․ համաձայնագրի տառը և ոգին», - նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը։ Նա եզրափակել է՝ ասելով,-«Սա նաև անիրատեսական է այն առումով, որ հակամարտության լուծումը հեռանկար չի կարող ունենալ՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքը»։
Շրջանակն ընդգծում է, որ Արցախը դարձել է կենսունակ և պատասխանատու ժողովրդավարություն՝ նշելով, որ այդ պետությունն այլևս չի կարող անտեսվել և պետք է ճանաչում ստանա միջազգային հանրության կողմից։










