Թող բացատրեն՝ մինչ այժմ կառավարության դռնբաց նիստերը հակաժողովրդավարակա՞ն են եղել. Ա. Սաքունց
Եթե ըստ արդարադատության նախարարի Դավիթ Հարությունյանի՝ կառավարության նիստերը դռնբաց անցկացնելը հակաժողովրդավարական է, ապա նույն տրամաբանությամբ մինչ այժմ անցկացված նիստերը հակաժողովրդավարական են: Սա Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկումն է, որին կառավարությունից և անձամբ Դավիթ Հարությունյանից ակնկալում է պատասխան:
«Մեկ հարց պետք է ուղղել բոլոր նման տեսակետ արտահայտողներին՝ մինչ հիմա, որ կառավարության նիստերը բաց են եղել, ըստ իրենց տրամաբանության՝ եղել են հակաժողովրդավարակա՞ն: Այսինքն՝ կառավարությունը մինչև հիմա գործել է որպես հակաժողովրդավարակա՞ն։ Կարո՞ղ ենք այդպես գնահատել, թե ոչ. իրենք սա պետք է հստակ բացատրեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով գործադիր մարմնի նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշումը, ասել էր, որ դռնբաց նիստերին նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ, և նիստերը դռնբաց անցկացնելը հակաժողովրդավարական է:
Ինչ վերաբերում է նախարարների կաշկանդված լինելու հանգամանքին, ապա Արթուր Սաքունցն ասաց. «Նախարարներին ոչ ոք ստիպողաբար չի նշանակում, և երբ համաձայնում է, պետք է միաժամանակ հասկանա, որ ոչ միայն օգտվելու է նախարարի լիազորություններից, այլև՝ պարտավորություններից, այն է՝ հանրության առջև հաշվետու, թափանցիկ լինելուց, ինչը ներառում է հենց նիստի ժամանակ իր վարքագծի, ինչպես նաև որոշումների ընդունման ժամանակ իր դիրքորոշումները»:
Իսկ եթե նախարարները կաշկանդված են, ապա, ըստ բանախոսի առաջարկի, պետք է անցնեն դասընթացներ՝ ինչպես պահել հանրային դաշտում առանց կաշկանդվելու, որ կարողանան ազատ շփվել լրագրողների հետ, հանրության առաջ հաշվետու լինել որպես նախարար կամ իր ոլորտում քաղաքականություն իրականացնող անձ:
Արթուր Սաքունցի երկրորդ հարցադրումն այն է, թե ինչու հենց հիմա հիշեցին այդ՝ «հակաժողովրդավարական» հանգամանքի մասին: Այն է՝ հենց պառլամենտական կառավարման անցնելու ժամանակ:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնին հավակնում է նախագահ Սերժ Սարգսյանը, ով ըստ բանախոսի՝ բոլորովին աչքի չի ընկել ժողովրդավարական վարքագծով տարիներ շարունակ զբաղեցրած բարձրագույն պաշտոններում՝ թե՛որպես նախագահ, թե ՛ վարչապետ:
Հետևաբար, ըստ Արթուր Սաքունցի այստեղ պետք է տեսնել մեկ հարց՝ ինչպես անել, որ Սերժ Սարգսյանի՝ հանրության աչքում վարկաբեկման հետագա ընթացքը կասեցվի:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ բուն ժողովրդավարության ու բաց կառավարման տեսանկյունից որոշումների ընդունումը պետք է լինի թափանցիկ, հրապարակային և, հետևաբար, հենց բաց նիստերն են, որ կարող են համարվել ժողովրդավարական: Իսկ հասարակությունն էլ անմիջապես, լրագրողների կողմից լուսաբանման միջոցով պետք է իրազեկվի որոշումների ընդունման ողջ գործընթացի մասին: Այսինքն՝ հստակ է ժողովրդավարության տեսանկյունից դիտարկել նիստերի բաց վարումը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողներին հայտնել էր նաև, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց վերջինս հրաժարվել է, առաջարկել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, ով մտածելուց հետո տվել է իր համաձայնությունը:
Հարցին, թե ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանն ավելի ժողովրդավար էր, քան Կարեն Կարապետյա՞նը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Քանի որ հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀԿ-ի նախընտարական շտաբի ղեկավարը, այդ առումով ժողովրդավարական որակումը տեղին չէ, բայց, այո, հասարակության առջև հաշվետու և պատասխանատու լինելու գիտակցմամբ ավելի է աչքի ընկնում, քան Կարեն Կարապետյանը, Դավիթ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը»:










