Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման անհնարինության մասին. աղբյուր

17:21 • 07.02.18

Ստամբուլի նահանգապետարանում ավարտվել է Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների և իշխանության ներկայացուցիչների հանդիպումը՝ կապված Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել էին Ստամբուլի նահանգապետարան՝ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությամբ արտահերթ խորհրդաժողովի մասնակցելու համար: 

Ստամբուլի հայկական «Լույս» ամսագրի խմբագիր Շահնուր Քազանջըի տեղեկությունների համաձայն՝ ժողովի ժամանակ թուրքական պետության ներկայացուցիչները վերահաստատել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին այդ պաշտոնում չճանաչելու և պատրիարքի ընտրությունների կազմակերպումն անհնարին որակող նամակի բովանդակությունը, որը նախօրեին ուղղվել էր պատրիարքարանին Ստամբուլի նահանգապետարանի կողմից:

Հիշեցնենք, որ նամակում նահանգապետարանը շեշտել էր, որ պետությունը շարունակում է որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Այսօր կայացած ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել է, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:

Շեշտվել է նաև, որ մոտ ապագայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ պլանավորվում է անցկացնել ևս մի հանդիպում:

Քազանջըն ընդգծել է, որ ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամները հանդիպման ընթացքում բազմիցս շեշտել են, որ համայնքը չի ընդունում Աթեշյանին այդ պաշտոնում և նոր ընտրություն է պահանջում, սակայն՝ ապարդյուն:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է 9 տարի շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։