Պատմական տարածքների մասին խոսելուց առաջ, նախ պետք է պատմություն ունենալ. Է. Շարմազանովը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը:
Շարմազանովը Ալիևի խոսքերն անհեթեթություն է համարում՝ նկատելով, որ մի քանի ասպեկտով էլ դիտարկելու պարագայում կապացուցվի, որ Ալիևի զառանցում է: ԱԺ փոխնախագահի համար անթույլատրելի է այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում:
«Ալիևը հանդես է գալիս նույն այն հայտարարությամբ ինչ Հիտլերը` 30-ականներին: Ի դեմս Ալիևի ՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Այսօր նմանատիպ լկտի ու զառանցալի հայտարարությամբ է հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը: Երբ նա խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ, թե շատ տեղյակ մարդկանց մոտ այն լայն ժպիտ է առաջանում, որովհետև պատմական տարածքների մասին խոսելուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջան պետության պատմությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել»,- շեշտեց նա:
Շարմազանովը մեջբերեց Ցիցերոնի հայտնի հայտարարություններից մեկը` դատարկախոսների վերաբերյալ. «Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Այդ ամենը կարելի է կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ: Ադրբեջանի սուլթանը լավ կանի, որ իր նախորդների սխալներից դասեր քաղի»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախկին նախագահների դառը փորձը:
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ Ադրբեջանի նախագահի նման, ինչպես ինքը որակեց, անհեթեթ հայտարարությունները, ևս մեկ անգամ ապացույց են, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային գործընթացի: Նրա գնահատմամբ՝ Իլհամ Ալիևն ընդամենը փորձում է ձգձգել այդ պրոցեսը:
«Ալիևն իր ներքաղաքական խնդիրներից փորձում է շեղել դեպի իր կողմից ստեղծված «թշնամու» կերպարը՝ ի դեմս հայ ժողովրդի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:










