Ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մշակվում. վարչապետ (տեսանյութ)

11:55 • 08.02.18

Այսօր Կարեն Կարապետյանը կառավարության նիստին հերթական հանձնարարականների շրջանակում անդրադարձավ գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներին։

Նա նշեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։

«Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումներն օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,-նշեց նա:

Այսպիսով` Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի խթանմանն ուղղված առաջարկություններ։

«Իրականում, կարծում եմ, սա պրոբլեմ է, որովհետև մենք բազմաթիվ ջանքեր ենք կիրառում, միջոցներ ենք ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքները ավելացնենք, երբ ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,-ասաց նա։

 

Ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մշակվում. վարչապետ (տեսանյութ)