Կիմ Չեն Ընի քույրը հանդիպել է Հրվ. Կորեայի նախագահի հետ

10:00 • 10.02.18

Ձմեռային օլիմպիական խաղերի կապակցությամբ Հարավային Կորեա ժամանած Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը պատմական հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ, հայտնում է The Guardian-ը:

Բրիտանական աղբյուրը նկատում է, որ վերջին 10 տարվա ընթացքում սա Սեուլի և Փհենյանի միջև բարձրագույն մակարդակով առաջին հանդիպումն էր:

Քրոջ՝ Կիմ Յո Չոնի, մյուս հյուսիսկորեացի պաշտոնյաների ու Հարավային Կորեայի նախագահի հանդիպումը կայացել է Սեուլի նախագահական պալատում: Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընի քույրը 1950-1953թթ. Կորեական պատերազմի ավարտից հետո Փհենյանում իշխող տոհմի առաջին ներկայացուցիչն է, որ այցելել է հարևան երկիր:

Հայտնի է, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

«Հավանաբար, մրսե՞լ եք ցուրտ եղանակի պատճառով»,-հարցրել է Հարավային Կորեայի նախագահը, ինչին ի պատասխան Կիմ Յո Չոնն ասել է՝ «Ամեն ինչ լավ է, պարո՛ն նախագահ, քանի որ Դուք ամեն ինչի մասին նախապես հոգացել էիք»:

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում իրավիճակը Կորեական թերակղզում խիստ լարված է: Փհենյանն արագ տեմպերով զարգացնում է միջուկային ծրագիրը՝ սպառնալով ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, այլև՝ Միացյալ Նահանգներին:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը Փհենյան մեկնելու և անձամբ Կիմ Չեն Ընին հանդիպելու ցանկություն էր հայտնել: