Մշակվում են բռնության կանխարգելման դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից պաշտպանական միջոցների կիրառման և անհետաձգելի միջամտության որոշման համար ձեռնարկներ
ՀՀ ոստիկանությունը այս պահին մշակում է ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ժամանակ ոստիկանի կողմից դեպքի վայրում պաշտպանական միջոցների կիրառման և անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու համար ձեռնարկ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանը:
«Մենք հենց հիմա դրա վրա աշխատում ենք»,-ասաց Նելլի Դուրյանը, ով ի պատասխան չափանիշների վերաբերյալ հարցի, հավելեց. «Երբ կլինեն, այդ ժամանակ, բնականաբար, կտեղեկացնենք: Մենք հիմա մշակում ենք, դեռ այս փուլում ենք»:
Հիշեցնենք, որ օրենքը նախատեսում է պաշտպանական միջոցների կիրառում ոստիկանության կողմից, օրինակ՝ նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտության որոշում, և օրենքի անցումային դրույթները պետք է արվեն մինչև 2018-ի հուլիս:
Ըստ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի` հենց այս նպատակով նախատեսված են ոստիկանների վերապատրաստման դասընթացներ, որոնց ուղղությամբ հիմա կրկին, աշխատում են: Այսինքն՝ նախապատրաստվում են ոստիկանների վերապատրաստման դասընթացների:
Ինչ վերաբերում է այս տիրույթում կին ոստիկանների ներգրավվածության ավելացմանը, ապա Նելլի Դուրյանն ասաց, որ դա պարտադիր հաշվի առնվելու է և կարելի է ասել, որ նշված ծառայության աշխատակիցների կեսը կանայք են:
Հիշեցնենք, որ օրենքը նախատեսում է նաև ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցում, ըստ որի՝ ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումն իրականացվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Արդյո՞ք այդ կարգը մշակվում է: Սա, արդեն, պարզվեց Սոցապնախարարության տիրույթում է, որը և հանդիսանում է լիազոր մարմին:
Ըստ օրենքի՝ Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:
Խորհրդի կազմում հավասար թվով ընդգրկվում են հանրապետական գործադիր իշխանության, ոստիկանության, Քննչական կոմիտեի, դատախազության,հասարակական կազմակերպությունների և աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցներ՝ Լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
Հարցին, թե ինչպես են ընտրվելու այդտեղ ներկայացված հասարակական կազմակերպությունները, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանը նշեց, որ ընտրությունը կատարվելու է ներկայացվելիք հայտերի հիման վրա, որոնց շրջանակներում և ընտրություն կկատարվի:
Սոցապ նախարարության պաշտոնյան հավելեց, որ սրա համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, և ըստ սահմանվելիք չափանիշների կլինի ընտրությունը: Համենայն դեպս, հաշվի է առնվելու կազմակերպությունների՝ ոլորտում գործելու փորձառնությունն ու ակտիվությունը:
Ինչ վերաբերում է հարցին, թե վերը նշված կարգի մշակումն ինչ փուլում է, ապա Թանաշյանը նախ նշեց, որ դեռևս այս ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում. աշխատում են ոչ թե կարգի, այլ մեթոդաբանության մշակման վրա:
«Քանի որ, ըստ էության, ընտանիքում բռնության օրենսդրության մեջ սա երևի թե եզակի դեպք է, ես, միջազգային փորձից ելնելով, ասում եմ, որ առհասարակ նման մոտեցում չկա: Եվ սա ուսումնասիրման կարիք ունի»,- ասաց Սոցապնախարարության աշխատակիցը:
Նշենք նաև, որ օրենքով սահմանվում է, որ պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապաստարանների առկայությունը և գործունեությունն ապահովելու ուղղությամբ: Ըստ Արմինեի՝ ապաստարանները կարող են լինել նաև ոչ պետական, բայց պետության կողմից ֆինանսավորվող, քանի որ օրենքը դա թույլ է տալիս:
Ինչ վերաբերում է աջակցության կենտրոններին, ապա դրանք ներկայումս ստեղծման փուլում են, և ապաստան ունենալու մասին դրույթն ուժի մեջ պետք է մտած լինի 2019-ի հունվարի 30-ին:
Ըստ բանախոսի՝ նախ պետք է ապահովվի նվազագույնը՝ մեկական աջակցության կենտրոն մարզերում և Երևանում:










