«Երկիր Ծիրանիի» կանանց բռնի ուժով հեռացնելը ճիշտ էր, նրանց քայլը հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա. ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար (տեսանյութ)

13:19 • 13.02.18

Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Նահապետյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների այսօրվա քայլը հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա:

Հիշեցնենք, որ իրարանցում սկսվեց և ծեծկռտուք տեղի ունեցավ, երբ «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներով ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում։

«Սա հարձակում էր մեր ու առաջին հերթին Տարոն Մարգարյանի վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պնդելով, որ նրանք ազոտային թթու էին լցրել տարաների մեջ:

Ըստ Նահապետյանի՝ իր կուսակիցների կողմից կանանց բռնի ուժով հեռացնելը ճիշտ քայլ էր:

«Իսկ ի՞նչ պետք է անեին, դուք ի՞նչ կանեիք, եթե այդ ազոտային թթուն լցնեին իմ երեսին։ Ինքը դուրս չէր գալիս դահլիճից, թողնեինք, որ վերջնական լցներ մեզ վրա՞»,-ասաց նա:

Նահապետյանը սուտ արդարացում է համարում «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների պարզաբանումը, թե կոյուղաջրի այս հոտը Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր են զգում։

«Իրենք սուտ են ասում, շահարկում են նաև 14 երեխաների ընտանիքի հարցը, որովհետև այդ ընտանիքին առաջին ուշադրությունը դարձնում է քաղաքապետը, քաղաքապետարանը»,-ասաց նա և հայտարարեց, «որ այդ կանայք աննորմալ են»: