Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված կինն աշխատել է ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում. նա և դուստրը որոնվել են որպես անհետ կորած
Փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում մահացած, 1981 թ. ծնված Գ. Հ.-ն եղել է ԱԻՆ աշխատակից:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.
«Մահացած կնոջ ինքնությունը պարզվել է: Գ.Հ.-ն աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առնչությամբ քննչական գործողությունները շարունակվում են.
«Քննչական գործողությունները շարունակվում են, նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել մոր և դստեր անհետ կորելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին՝ ժամը 14:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նշվում է, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել են 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը:










