Հրայր Թովմասյանն առաջադրվել է  ՍԴ անդամի պաշտոնում, իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի Գևորգ Կոստանյանը. Է. Շարմազանով

22:21 • 15.02.18

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 12-ին Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է  Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը առաջադրվել է  Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում և այս ժամանակահատվածում ավելի արդյունավետ կլինի, որպեսզի չհամատեղվի»,-ասաց Շարմազանովը:

Ըստ նրա, կուսակցությունը որոշել է, իսկ վաղն արդեն խմբակցությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պաշտոնում կառաջադրի ՀՀԿ անդամ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

«Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ Դատախազությունում, Զինվորական դատախազությունում, Արդարադատության նախարարությունում, ինչու չէ նաև օրենսդիր մարմնում»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանը շարունակելու է լինել պատգամավոր և վաղը հրաժարական է տալու միայն Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Երբ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ անդամ և այլևս պատգամավոր չի լինի, ցուցակում հաջորդը կարծեմ Տաճատ Վարդապետյանն է»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ կուսակցությունը քիչ առաջ ավարտված նիստում քննարկել է ներքաղաքական, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև ազգային փոքրամասնությունների մասին օրենքը:  

 

Հրայր Թովմասյանն առաջադրվել է  ՍԴ անդամի պաշտոնում, իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի Գևորգ Կոստանյանը. Է. Շարմազանով