Եթե իմացա, որ մեր աշխատակիցը մեղավոր է, բնականաբար կպատժվի. Ա.Սիմոնյանը` ԵՊՀ-ում փոխդեկանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Չգիտեմ, նոր եմ իմացել, մանրամասներին չեմ տիրապետում, Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուք–վիճաբանությանը:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, նշված բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել:
«Պետք է հարցնեմ, դեկանի հետ խոսեմ, այսօր շաբաթ է, մենք չենք աշխատում»,-ասաց Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ ըստ հրապարակված տեղեկատվության` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի:
«Կենցաղային հողի վրա բան է եղել, դա կապ չունի համալսարանի ներքին գործունեության հետ, ամեն դեպքում, եթե իմացա, որ մեր աշխատակիցը մեղավոր է, կպատժվի բնականաբար»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ փոխդեկանի հետ ևս դեռ չեն կապվել:
«Ես չեմ զանգել, բայց ասում են` նա հեռախոսին չի պատասխանում»,-ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ ծեծի ենթարկված փոխդեկանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի որդին է:
Tert.am-ը կապվեց նաև Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել կամ մեկնաբանություն տալ տեղի ունեցածին:
«Հիմա ես չեմ կարող որևէ բան ասել, զբաղված եմ: Առայժմ չեմ մեկնաբանում»,-ասաց դեկանը:
Tert.am –ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Ոստիկանություն երեկ ժամը 20. 30–ին հաղորդում է ստացվել ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:










