Էթիկայի հանձնաժողովը ստացել և ուսումնասիրում է քաղաքացու դիմումն ընդդեմ Վիգեն Սարգսյանի՝ «բոշան դու ես» արտահայտության համար. Ս.Սահակյան
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժօգնության համար արված ֆեյսբուքյան հայտարարությանը, որի ներքո օգտատերերից մեկը թողել էր հետևյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»:
Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգտատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը:
«Դիմումը ենթակա է ուսումնասիրության, ուսումնասիրության արդյունքներից հետո կկայացվի որոշում, որի առնչությամբ բոլոր դեպքերում տեղեկություն տարածելու ենք. թե' դիմումատուին ենք պատասխանելու գրավոր, և թե՛ վարույթային գործընթացների առնչությամբ հրապարակայնացում ենք ապահովելու»,- ասաց Սահակյանը:
Ուսումնասիրության ժամկետների ավարտի վերաբերյալ Սահակյանը նշեց, որ դա կախված կլինի ուսումնասիրության ընթացքից, ժամկետային սահմանափակումներ չկան:
«Ժամկետային սահմանափակումներ այս պահին չկան: Կախված է այն բանից, թե ինչքան կտևի ուսումնասիրությունը, ինչ փաստեր են ուշադրության արժանի, և դրանք պարզելու համար որքան ժամանակ կպահանջվի»,- ասաց նա:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ մինչև ուսումնասիրությունը չավարտվի , այլ տվյալներ չեն կարող տրամադրվել:
Պետրոս Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունների այդ հատվածը ներկայացնում ենք ստորև։











