Սերժ Սարգսյանն այսօր անփոխարինելի է որպես ՀՀԿ նախագահ. Միհրան Պողոսյան (տեսանյութ)

16:41 • 28.02.18

Անձամբ Միհրան Պողոսյանը և ոչ էլ հանրապետականները չեն տեսել, որ երբևէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրժի իր խոսքը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե գիտի՞ նման դեպք:

Իսկ հարցի առիթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխություններից առաջ հնչեցրած հայտարարությունն էր, որ չի պատրաստվում լինել ո՛չ վարչապետ, ո՛չ ԱԺ նախագահ:

«Ընդհանրապես չենք տեսել, և անձամբ չեմ տեսել, որ նախագահն իր խոստումը դրժի: Ինչ վերաբերում է ապագային, մենք դեռ ժամանակ ունենք, կտեսնենք։ Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ինքն ասել է իր ցանկությունը, կարծիքը... Ես այդպես եմ գնահատում: Իսկ իրավիճակն ինչ կլինի՝ մենք բոլորս կտեսնենք: Եվ կտեսնենք՝ քաղաքական դաշտը, մեր տնտեսական զարգացումը ինչ են պահանջում և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ»,-հավելեց Միհրան Պողոսյանը: Այսինքն՝ նրա մեկնաբանությամբ Սերժ Սարգսյանը ոչ թե խոստում է տվել, այլ՝ կարծիք հայտնել:

Որպես թեմայի ամփոփում՝ Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. «Որպես Հանրապետական կուսակցության նախագահ՝ այսօր ինքն անփոխարինելի է»։

Ինչո՞վ էր ձեռնտու հանրապետականներին, որ մարտիմեկյան դեպքերի բացահայտման մասին «Ելքի» օրինագիծը հենց այս ժամանակահատվածում, երբ վաղը մարտի 1-ն է, մտնի օրակարգ: Այս հարցին ի պատասխան՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Հարցն ակտուալ էր, և ինչպես տեսաք՝ Հանրապետական կուսակցության ֆրակցիայի կողմից ընդունվեց»։

Նրա մեկնաբանությամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահ ընտրվեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, օժտված է բոլորովին այլ լիազորություններով և, հետևաբար, չի կարելի զուգահեռներ տանել:

«Ես կարծում եմ՝ շուտով կտեսնենք Դատական բարձագույն խորհրդի այն առաքելությունը, որն իր վրա դրված է: Ես վստահ եմ, որ փոփոխություն է լինելու: Այսինքն՝ Արդարադատության խորհուրդը, որ կար, օժտված չէր այն հնարավորություններով և այն գործիքակազմով, որը ԲԴԽ-ն այսօր ունի»,-ամփոփեց Միհրան Պողոսյանը:

Ավելին՝ Միհրան Պողոսյանը վստահ է, որ կկարողանա այնպես անել, որ ընդհանուր իրավասության դատարանը և մյուս դատական ատյանները կարողանան անտեսել քաղաքական հրահանգները:

«Եվ ես վստահ եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների խնդիրները լուծելիս իր ձեռագիրը կունենա»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։




 

Սերժ Սարգսյանն այսօր անփոխարինելի է որպես ՀՀԿ նախագահ. Միհրան Պողոսյան (տեսանյութ)