Պատրաստ եմ նորից բանտ նստել, եթե դա բխի իմ քաղաքական սկզբունքները պաշտպանելու հարցից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Պատրաստ եմ իմ անելիքը անել Ազատության հրապարակում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցկայքի իր էջում մասնավորապես գրել էր. «Գործողությունների նախնական պլանը քննարկեցի ընտանիքիս հետ։ Հավանության արժանացավ։ Պատրաստ են ինձ վերստին գործուղել Ազատության հրապարակTop of Form»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ «Ելք»-ում այս հարցում կլինի կոնսենսուս, համաձայնություն և «գործողություններ կարվեն»:
«Այս հարցում կա քննարկում, և քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, չեմ կարող ասել, թե որ հարցում կա համաձայնություն, որ հարցում՝ ոչ: Ես քննարկել եմ հարցը ընտանիքիս հետ, նրանք պատրաստ են ինձ գործուղել Ազատության հրապարակ, դա չի նշանակում, որ մերոնք տանից դուրս են հանել...
Իմ ընտանիքն ինձ հետ երկար ու բարդ ճանապարհ է անցել Ազատության հրապարակի ու դրանից բխող հետագա գործընթացների հետ, ինձ համար իմ ընտանիքի դիրքորոշումը շատ կարևոր է, որովհետև հասկանում ենք, թե ինչ պրոցեսներ են ու ինչի կարող են դրանք հանգեցնել»,- մանրամասնեց նա:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ առանց դաշինքի համաձայնության գրեցիք այդ մասին, արդյո՞ք դաշինքում տարաձայնություններ կան, որոնք վերածվել են լարված մթնոլորտի, Փաշինյանն ասաց, որ դաշինքում միշտ տարաձայնություններ կան, եղել են ու կլինեն հակասություններ:
«Մենք այդ բոլոր հարցերը մինչ օրս կարողացել ենք քննարկել, գալ համաձայնության, և այս հարցում էլ հույս ունեմ, որ կգանք համաձայնության»,- նշեց Փաշինյանը:
Պատգամավորը ասաց, որ ինքը պատրաստ է նորից նստել բանտ, եթե կարիք լինի: «Ես պատրաստ եմ, եթե դա բխի իմ քաղաքական սկզբունքները պաշտպանելու հարցից»,- նշեց նա:










