Դերասանուհի Էմմա Ուոթսոնը քերականական սխալով դաջվածք է արել (լուսանկար)

23:16 • 06.03.18

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը ձեռքի վրա դաջվածք է արել՝ աջակցելու համար ԱՄՆ-ում վերջերս ստեղծված Time's Up շարժմանը, որի նպատակն է կանանց պաշտպանել սեռական բռնություններից:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ գրությունը դերասանուհու ձեռքին քերականական սխալով է դաջվել:

Համացանցում հայտնվել է դաջվածքի լուսանկարը, որում պատկերված է Times Up բառակապակցությունը՝ առանց s տառից առաջ ապաթարցի:

Այդպիսով, բառակապակցությունը, որը սկզբնապես պետք է նշանակեր «ժամանակն սպառվել է», կորցրել է իմաստը:

Սխալը նկատել են համացանցի օգտատերերը, որոնք մեկնաբանություններում նշել են, որ նման բան չէին սպասում Բրաունի համալսարանի շրջանավարտից, որն անգլիական գրականության բակալավրի աստիճան է ստացել:

Դերասանուհին փորձել է կատակով դուրս գալ ստեղծված իրավիճակից և թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ «ստիպված կլինի դաջվածքների համար հատուկ սրբագրիչի վարձել»: