Եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի վարչապետի թեկնածուի օգտին, անբնական կլինի նրանց՝ ընդդիմության դաշտում մնալը. Վիգեն Հակոբյան

18:49 • 09.03.18

Իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացրած վարչապետի թեկնածուի շուրջ քաղաքական կոնսենսուս ապահովելու համար հարկավոր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի այդ թեկնածությանը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական հարցերով տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Այնինչ, ըստ նրա, այս անգամ «Ծառուկյան» խմբակցությունը կարող է ազատ քվեարկել վարչապետի թեկնածությանը, որովհետև այդ ուժն ունի իր «դեմքը որպես ընդդիմություն պահպանելու խնդիր»:

««Ծառուկյան» դաշինքը նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին քվեարկեց կողմ, և դա անակնկալ չէր, որովհետև բոլորը հասկանում են, որ նրանք պայմանական ընդդիմություն են: Արմեն Սարգսյանը, սակայն, ՀՀԿ անդամ չէ, և նրա թեկնածությանը կողմ քվեարկելն ու վարչապետի թեկնածությանը կողմ քվեարկելը միանգամայն տարբեր կերպ կընդունվի, հատկապես, եթե վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածուի հարցում ազատ քվեարկություն կհայտարարի: «Նրանք կփորձեն պահպանել իրենց դեմքը: Նախագահի թեկնածուի շուրջ միահամուռ աջակցությունը միանշանակ չընկալվեց հանրության կողմից, վարչապետի թեկնածուի շուրջ աջակցությունն էլ նրանց դուրս կմղի ընդդիմության դաշտից: Մի բան է, երբ քվեարկում ես նեյտրալ ընկալվող Արմեն Սարգսյանին, մեկ այլ բան՝ վարչապետին, հատկապես, կրկնում եմ, եթե վարչապետի թեկնածու լինի Սերժ Սարգսյանը»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ «Ծառուկյան» դաշինքի այս կեցվածքից դժգոհ է հատկապես հանրության այն շերտը, որը ձայն է տվել նրանց որպես այլընտրանք՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե «Ծառուկյան» դաշինքն ուզում է մնալ որպես հռչակված ընդդիմություն, պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածուին, կամ էլ հայտարարի ազատ քվեարկություն, որ պատգամավորներն իրենց խղճի մտոք քվեարկեն:

«Նրանք պետք է փորձեն պահպանել խաղի կանոնները: Այն, ինչ արեցին նախագահի թեկնածուի հարցում, դա բնական չէր, քաղաքական ընդդիմադիր ուժը չի կարող սատարել նախագահի թեկնածուին: Եթե կողմ քվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, իրենց մնում է միանալ իշխանական կոալիցիային: Անգամ նախագահի թեկնածուի օգտին քվեարկելուց հետո իրենք ապացուցեցին, որ այլընտրանք չեն տեսնում, տրամաբանական է, որ պետք է մտնեն իշխանության մեջ: Եթե վարչապետի օգտին էլ քվեարկեն, անբնական կլինի ընդդիմության դաշտում մնալը»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի վարչապետի թեկնածուի օգտին, անբնական կլինի նրանց՝ ընդդիմության դաշտում մնալը. Վիգեն Հակոբյան