Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ պողպատի և ալյումինի ներկրման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է արտասահմանից Միացյալ Նահանգներ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին: Մասնավորապես՝ պողպատի համար սահմանվել է 25%-ի, իսկ ալյումինի համար 10%-ի չափով մաքսատուրք, հայտնում է BBC-ին:
«Այսօր ի պաշտպանություն Ամերիկայի ազգային անվտանգության՝ ես սահմանում եմ ներկրման մաքսատուրքեր արտասահմանյան պողպատի և ալյումինի համար: Մենք 25%-ի մաքսատուրք կսահմանենք պողպատի և 10%՝ ալյումինի համար, երբ արտասահմանյան արտադրանքը հասնի մեր սահմանին»,-հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ նրանք, ովքեր չեն պատրաստվում մաքսատուրք վճարել, կարող են արտադրությունն ԱՄՆ տեղափոխել, և այդ դեպքում ստիպված չեն լինի հարկ վճարել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփն արդեն ստորագրել է մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտնելու 15 օրից: Նշվում է նաև, որ նոր օրենքը տարածվելու է բոլոր երկրների վրա՝ բացառությումբ Կանադայի ու Մեքսիկայի:
Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել էր Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը և դա «հիմարություն» անվանել:
«Անհրաժեշտության դեպքում կհետևի արձագանք, որը, պետք է հուսալ, կհանգեցնի ԱՄՆ-ի դիրքորոշման վերանայմանը, և հնարավոր կլինի հրաժարվել այդ հիմարությունից»,- ասել է Կուրցը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում կարող է առևտրային պատերազմ սկսվել, որի ժամանակ բոլոր կողմերը վնաս կկրեն:










