Քաղուժերը միջպետական կազմակերպությունների հետ հանդիպումներին չեն ներկայացնում քաղաքական հետապնդումների ենթարկվողների թեման. Ա. Սաքունց

19:41 • 12.03.18

Tert.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մանրամասնում է, թե ինչ նկատի ուներ և որ քաղաքական ուժերին նկատի ուներ՝ հայտարարելով, որ Երևանից գաղտնի մեսիջներ են գնում միջազգային կազմակերպություններին՝ հերքելով իրենց՝ իրավապաշտպանների և անձամբ իր՝ Արթուր Սաքունցի այն գնահատականը, որ Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Շանթը և ընկերները քաղբանտարկյալներ են:

-Պարո՛ն Սաքունց, վերջերս արձանագրելով «Եվրոպայի խորհուրդը քաղաքական բանտարկյալ է համարում անձին, որն իր կարծիքի, իր համոզման համար ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվել»՝ հայտարարեցիք, որ մինչ Դուք և այլ իրավապաշտպաններ նման անձանց առկայության մասին հաղորդումներ եք ներկայացնում միջազգային կազմակերպություններին, զուգահեռ Երևանից հղվում են «գաղտնի զեկույցներ», որոնցով փորձում են հերքել քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում: Եվ որ սա անում են այն քաղաքական ուժերը, որոնք ևս ժամանակին ունեցել են քաղբանտարկյալներ: Կարո՞ղ եք նշել՝ որ քաղաքական ուժերն են դրանք:

-Առաջինը՝ հենց «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», որը հրապարակավ՝ հենց ԵԽԽՎ պատվիրակության կազմում, հայտարարում է, որ քաղբանտարկյալներ չկան:

-Իսկ «Ելքի՞ց», որովհետև այնտեղ էլ են եղել բանտերում, անազատության մեջ գտնվող անձինք:

-Ո՛չ, «Ելքն» ասում է, որ կան քաղբանտարկյալներ, չեն մերժում:

-Իսկ «Հայ ազգային կոնգրե՞սը»:

-Նրանց մասին տեղյակ չեմ: Նրանք այս հարցում զուսպ են, օրինակ՝ Շանթի ժամանակ առհասարակ բան չէին ասում, հետո արձագանքեցին: Խնդիրն այն է, որ «օֆֆ ռեկորդ» հանդիպումերում ոչ միայն կուսակցությունները, այլև առանձին փորձագետներ ևս նման տեղեկություններ են հաղորդում. ես չեմ կարող բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բայց հստակ գիտեմ։

- Իսկ այդ փորձագետներն իրավապաշտպաննե՞ր են:

-Ո՛չ, վերլուծաբաններ, այսպես կոչված՝ «վերլուծագանգեր», որոնք միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում էլ նման տեղեկություններ են հաղորդում:

-Human Rights Watch, Amnesty International. այդ կառույցների մասի՞ն է խոսքը։

-Ո՛չ, խոսքն ավելի շատ միջպետական կառույցների մասին է՝ Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն,Պետդապարտամենտ:

-Ձեր կարծիքով՝ դրանով իշխանությունների պատվե՞րն են կատարում:

-Միանշանակ: Կամ չեն ուզում իշխանությունների հետ իրենց հարաբերությունները փչացնել:

-Այսինքն՝ այս ինֆորմացիան ինտերակտիվ է և կարող է հասնել իշխանությունների՞ն:

-Բնականաբար, որովհետև եթե ԵԽԽվ պատվիրակության ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում ենք, թեման բարձրացնում ենք, մեզ հակադարձում են բաներ, որոնք մենք չենք լսել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, բա ի՞նչ պետք է մտածես: Որպես ամփոփում ասեմ, որ քաղաքական բանտարկյալների ու քաղաքական հետապնդումների ենթարկվողների թեման միջպետական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ քաղաքական ուժերի կողմից չի ներկայացվում որպես կարևորագույն օրակարգային խնդիր, որպես մտահոգող հարց:

- «Սասնա ծռերի» վերաբերյալ միգուցե իրենք ա՞յլ կարծիք ունեն:

- Ոչ, խոսքը վերաբերում է ԵԽԽՎ 1900 բանաձևին, որը վերաբերում է այն մարդկանց, ովքեր զենք չեն կիրառել: