Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին

17:02 • 13.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան այդ պաշտոնում կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Այդ մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:


Թրամփը Թիլերսոնին խնդրել է հեռանալ դեռևս անցած ուրբաթ, և դիվանագետը երկուշաբթի դադարեցրել է իր այցն Աֆրիկա՝ վերադառնալով Վաշինգտոն:


Պոմպեոյի փոխարեն ԿՀՎ ղեկավարի պաշտոնը կստանձնի ներկայիս տնօրենի տեղակալ Ջինա Հեսփելը:


«Ես հպարտ եմ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոյին մեր նոր պետքարտուղարի պաշտոնում նշանակելու առնչությամբ»,- հայտարարել է Թրամփը The Washington Post-ին ուղղված հաղորդագրությունում:


Թրամփը նորությունը հաստատել է նաև Twitter-ի իր էջում:


«ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա հիանալի կաշխատի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հեսփելը կդառնա ԿՀՎ նոր ղեկավարը: Շնորհավոր բոլորին»,- գրել է նա: