Հզոր երկրի հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է. Ս. Բագրատյանը՝ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին (տեսանյութ)
Մենք այսօր Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու խնդիր ունենք, որը կարող ենք անել ներկայացնելով, բարձրաձայնելով խնդիրը, հասցնելով միջազգային կառույցներին, որ, ազգերի ինքնորոշման իրավունքից ելնելով, պետություն է հիմնադրվել, իսկ այդ պետության ճանաչում անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակության համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ շեշտելով, թե ամեն ինչ պետք է արվի Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ: Բագրատյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ-ն կատարած այցն էլ վերոնշյալ համատեքստում է դիտարկում:
«Ի վերջո, Միացյալ նահանգներն այսօր քաղաքականություն թելադրող հզորագույն պետություն է, իհարկե, պետք է այդ պետության հետ աշխատել, քաղաքական ինստիտուտներին ներկայացնել խնդիրները, փորձել դրական իմիջ ապահովել, որպեսզի մեր գերխնդիրը՝ Արցախի ճանաչումը, դառնա օրակարգային»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այցի արդյունքներին, հաշվի առնելով նաև այն, որ Գլենդեյլի փողոցներից մեկը հնարավոր է անվանակոչվի Արցախի անունով, պատգամավորն ասաց, թե ցանկացած դրական տեղաշարժ իր լուման է ունենում Արցախի միջազգային ճանաչման հարցում: Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ–ն խնդիր ունի աշխարհին ներկայացնելու իր ցավը, ասելու, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է ազատ հայրենիք ունենալու:
«Արցախն արդեն կատարել է իր պետականության քայլերը՝ ունի իր Սահմանադրությունը, Կառավարությունը, նախագահը, ընտրություններ անցնում են միջազգային չափանիշներին համապատասխան, այսինքն՝ պետություն ունենալու ինստիտուտներն արդեն կայացել են: Արցախն իրավունք ունի պահանջելու ճանաչում: Պահանջների ձևակերպման տարբեր ձևաչափեր կան, իհարկե, հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:










