Իզուր մի ոգևորվեք, մինչև մեր գործը չավարտենք՝ Աֆրինից դուրս չենք գա. Էրդողանը` Եվրախորհրդարանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կոչերն Աֆրինի ռազմական գործողության դադարեցման վերաբերյալ իրենց վրա չեն ազդի և որ իրենք դուրս կգան Սիրիայից միայն այն ժամանակ, երբ ավարտին հասցնեն առաջադրված խնդիրը: Այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
«Իզուր մի ոգևորվեք: Մինչև մեր գործը չավարտենք՝ Աֆրինից դուրս չենք գա: Սա լավ իմացեք: Եվրախորհրդարանի կոչերը մեր մի ականջից կմտնեն, մյուսից դուրս կգան», - ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև նշել է, որ թուրքական ԶՈւ-ն գրեթե մտել է Աֆրինի կենտրոն և ռազմական գործողության՝ հաջողությամբ պսակվելուն շատ քիչ է մնացել:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ օրինագիծ է մշակվել, որը քվեարկության պետք է դրվի այսօր:
Մշակված օրինագիծը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զինված ուժերն Աֆրինից՝ հաշվի առնելով Աֆրինի խաղաղ բնակչությանը հասցված լուրջ վնասն ու տարածաշրջանում աճող լարվածությունը:
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:










