Հնդկաստանում տղամարդը հետևել է կանխագուշակմանը, հեծանվով 10 հազար կմ անցել և վերամիավորվել իր սիրելիի հետ (լուսանկարներ)
Մեզնից շատերը, լսելով սիրո գեղեցիկ պատմություններ, կարծում են, որ «այդպես լինում է միայն ֆիլմերում», և ոչ թե կյանքում: AdMe.ru-ն անդրադարձել է մի պատմության, որն ապացուցում է՝ հեքիաթներ լինում են նաև իրական աշխարհում:
Պատմության հերոսները Պրադյումնա Կումար Մահանանդիան և Շառլոտա ֆոն Շեդվինն են: Հնդկաստանում, որտեղ ծնվել է Պրադյումնան, երեխայի ծննդից հետո ընդունված է դիմել աստղագուշակի: Պրադյումնայի մասին ասել են, որ նա կամուսնանա հեռավոր երկրից մի աղջկա հետ, որը պետք է համաստեղությամբ Ցուլ լինի, ֆլեյտա նվագի և անտառային կալվածքներ ունենա:
Պրադյումնան մանկուց սիրել է նկարել և նկարիչ է դարձել: Երիտասարդ տարիներին նա դիմանկարներ է նկարել Դելիի փողոցներում, և մի օր նա, նկարելով 20-ամյա շվեդ զբոսաշրջուհու դիմանկարը, հիշել է գուշակության մասին և սկսել հարցեր տալ աղջկան: Պարզվել է, որ շվեդ աղջիկը համաստեղությամբ Ցուլ էր, ֆլեյտա և դաշնամուր էր նվագում, իսկ նրա ընտանիքին անտառ էր պատկանում:
«Ամեն ինչ համընկնում է, դու կդառնաս իմ կինը»,- ասել է Պրադյումնան: Դրանից հետո երիտասարդները սկսել են հանդիպել ու շուտով ամուսնացել են Պրադյումնայի գյուղում՝ տեղական ավանդույթներով:
Ցավոք, շուտով Շառլոտան ստիպված էր վերադառնալ Շվեդիա, և Պրադյումնան խոստացավ այցելել նրան առաջին հնարավորության դեպքում:
Ամուսինները 16 ամիս ապրել են իրարից հեռու և նամակներ գրել իրար, սակայն Պրադյումնան հասկացել է, որ չի կարող ապրել առանց իր սիրեցյալի: Նա վաճառել է իր ամբողջ ունեցվածքը, սակայն չվերթի համար գումար չի հավաքվել: Նկարիչը որոշել է հին կանացի հեծանիվ գնել 60 ռուփիով, հրաժեշտ տվել իր ընտանիքին և ճանապարհվել՝ ունենալով ընդամենը 200 ռուփի:
Ճանապարհորդությունը սկսվել է 1977 թվականի հունվարի 22-ին. ամեն օր տղամարդը մոտ 70 կմ է անցել, և Շվեդիա հասնելու համար նա հեծանվով քշել է ավելի քան 10 հազար կմ:
«Ես շատ հոգնած էի: Ոստքերս ցավում էին, սակայն Շառլոտային տեսնելու ցանկությունն առաջ էր շարժում ինձ: Արվեստը փրկեց ինձ, ես նկարում էի մարդկանց դիմանկարները, և նրանք գումար էին տալիս ինձ, մյուսները՝ սնունդ կամ քնելու տեղ»,- պատմել է Պրադյումնան:
Տղամարդու խոսքով՝ հանդիպելուն պես իրենք չէին կարող խոսել. նրանք ուղղակի գրկված լացում էին երջանկությունից:
Հանուն Շառլոտայի երջանկության՝ նրա ծնողները մոռացել են կանոնների մասին, որոնք արգելել են իրենց ապրել թխամաշկ մարդկանց հետ: Զույգը կրկին ամուսնացել է 1979 թվականին, այս անգամ՝ շվեդական կանոններով:
Սիրահարների վերամիավորման պահից ավելի քան 40 տարի է անցել: Նրանք ապրում են Շվեդիայում՝ իրենց երկու երեխաների հետ:
Պատասխանելով անսահման սիրո մասին հարցին՝ զույգն ասել է, որ ոչ մի գաղտնիք չկա. Ամենակարևորը իսկապես անկեղծ լինելն է՝ իրար հասկանալու և հարգելու համար:


















