ԵՄ-ի առաջնորդները հետ են կանչում Մոսկվայից իրենց դեսպանին՝ «Սկրիպալի գործի» առնչությամբ. Reuters
Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչել Մոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Դեսպանին հետ են կանչում խորհրդակցությունների համար»,- հայտարարել է գործակալության աղբյուրը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար:
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










