Ֆինլանդիայի ոստիկանությունը ստացել է Պուչդեմոնի արտահանձնման մասին Իսպանիայի դիմումը
Ֆինլանդիայի ոստիկանությունը ստացել է կատալոնացիների նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնի արտահանձնման վերաբերյալ Իսպանիայի դիմումը և լրացուցիչ տեղեկատվության փոխանակում է իրականացնում Մադրիդի հետ: Այդ մասին շաբաթ հայտնել է գերատեսչությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հետաքննությունների ազգային բյուրոն հայտնում է, որ Իսպանիան ցանկանում է այժմ Ֆինլանդիայում գտնվող իր քաղաքացու արտահանձնումը: Ոստիկանությունն այդ մասին տեղեկությունը փոխանցել է դատախազին և սկսել է իսպանական իշխանությունների հետ լրացուցիչ տեղեկատվության փոխանակում»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Պուչդեմոնի հնարավոր ձերբակալությունից հետո գործը կքննվի դատախազությունում:
Պուչդեմոնի և նրա աջակիցների ձերբակալության եվրոպական օրդերը ուրբաթ տրամադրել է Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան:










