Ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը Հայաստանում ինքնիշխանության մարտահրավեր եմ դիտարկում. Ա. Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ոչ միայն Գյումրիի ռազմական բազայում, այլ նաև Երևանի կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների հայտնվելը վկայում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման, ամրապնդման մասին:
«Ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը Հայաստանում ինքնիշխանության մարտահրավեր եմ դիտարկում: Հայաստանի իշխանություններն ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված հարցերում ցուցաբերել և ցուցաբերում են ինքնիշխանության պահպանման իմունիտետի բացառիկ բացակայություն, և սա կարող եմ նույնիսկ անվանել հիբրիդային օկուպացիա»,-ասաց նա և նշեց, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը հարևան երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի նկատմամբ իրականացնում է հիբրիդային պատերազմ, իսկ Հայաստանում` մեղմ, փափուկ մեթոդներով «հիբրիդային օկուպացիա»:
Նշենք, որ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Արթուր Սաքունցն ասաց, որ այս ընդլայնման հետ կապված մի քանի հարց է առաջանում, մասնավորապես, թե ինչով է պայմանավորված, որ մինչ այժմ չկար, իսկ հիմա դրա անհրաժեշտությունն առաջացել է:
«Այսինքն՝ մենք չունենք որևէ տրամաբանական հիմնավորում Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական ոստիկանության ստորաբաժանման ներկայության ապահովման վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ այդ մասին տեղեկանում են լրատվական միջոցներից:
Նա խնդիր բարձրացրեց, թե ռազմական ոստիկանությունը գործելու է միայն բազայի՞ տարածքում, թե՞ նաև դրանից դուրս: «Շատ տարօրինակ է, որ Գյումրի քաղաքում գործելու են ՀՀ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները և ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Դա ինչպե՞ս է համատեղվելու»,-ասաց նա:
Արթուր Սաքունցը խնդրահարույց համարեց այն, որ ավելանում է ևս մեկ ստորաբաժանում, որի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամրագրված և հասկանալի չէ:
Իրավապաշտպանը նկատեց նաև, որ Ռուսաստանի հարավային ռազմական բազաների հզորացում է նախատեսվում, և Հայաստանում ռազմական ստորաբաժանումների հիմնումը տրամաբանորեն բխում է այդ փաստից։
«Այնուամենայնիվ ռուսական բազայի զինծառայողների կողմից ռուսական բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունների և գործողությունների համար անմիջականորեն պետք է զբաղվեին ՀՀ իրավապահ մարմինները. սա պայմանագրով է ամրագրված, և այստեղ ռուսական ոստիկանությունն ի՞նչ է անելու: Իսկ եթե որոշակի գործառույթներ պետք է տրամադրվեն, որ ռուսական ոստիկանությունը զբաղվի նաև ռուսական բազայի տարածքից դուրս բազայի զինծառայողների կողմից հակաօրինական գործողություների դեմ պայքարով կամ դրանց վերաբերյալ քննության իրականացմամբ, ապա դա բավական լուրջ մարտահրավեր եմ դիտարկում»,-ասաց նա:










