Ազատ տանկ կար, տանկիստ հորս կանչեցի պատերազմ. ապրիլյան պատերազմի մասնակիցը պատմում է պատերազմի, մանկության ընկեր Քյարամի, Ուրֆանյանի ու Աբաջյանի մասին (տեսանյութ)

21:28 • 31.03.18

Հայրը տանկիստ է,ինքը բանակում տանկիստ է եղել,եղբայրն էլ ապագա տանկիստ է,ապրիլյան պատերազմի ժամանակ էլ բացակա տանկիստի փոխարեն հորն է կանչել պատերազմ։

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ Դերենիկ Խաչատրյանը ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի քան մեկ տարվա զինծառայող է եղել, նա  Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի մանկության ընկերն է, իսկ կապիտան Ուրֆանյանի պաշտպանած հենակետը եղել է իրենց պահող ճակատը։

Tert.am-ի հետ զրույցում Դերենիկ Խաչատրյանը զինվորին հատուկ գաղտնիությամբ խոսեց ապրիլյան պատերազմի,ընկերների ու իր նպատակների մասին։

Դերենիկ Խաչատրյանը պատերազմի մասին դժվար է խոսում,ասում է՝ ոչ մի լավ բան չի տվել ու ամբողջ կյանքում հիշելու է։

«Ես տանկի մեխանիկ-վարորդ էի,իմ տանկը Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերից վերցված տանկ է, և երբ ասացին՝ հանի տանկդ,ես հասկացա, որ պատերազմ է, բոլոր զինվորների մարմնով սարսուռ անցավ, բայց մենք պատրաստ էինք»,-հիշում է Դերենիկ Խաչատրյանը։

Նրա պատմած ամեն մի պատմությունը կապված է Ապրիլյան պատերազմին զոհ դարձած Քյարամ Սլոյանի հետ.«Մանկության ընկերս էր,իրար հետ ենք մեծացել։ Երբ նրա դեպքը տեղի էր ունեցել, մեր վաշտի տղաներն ինձ չէին ասում։Ասել էին, որ կապիտան Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանն ու էլի տղաներ էլ չկան,բայց Քյամոյի մասին չէին հայտնում, լավ խաղում էին, թաքցնում էին։Երբ իմացա, չէի կարողանում խոսել, հիմա էլ, երբ լարվում եմ դժվարանում եմ խոսել»։

Բանակից պատմությունները շատ են, Աբաջյանի հետ փոքրիկ միջադեպն ու Ուրֆանյանի՝ իրենց պաշտպանելը չի մոռացվում։

«Մի անգամ սխալ տեղ էինք նստել ճաշարանում,Աբաջյանն ասաց` հելեք,շատ լավն էր ինքը, շատ, վատ կողմ չուներ։ Մի փոքր թեմա եղավ ու անցավ։ Մի անգամ էլ ուշացել էինք, խիստ հրամանատար ունեինք,հարցրեց, թե ուր եք, ասացինք՝ գնացել էինք մարտկոցները լիցքավորելու, Ուրֆանյանը տեղյակ է։ Իրականում կապիտանը տեղյակ չէր,առանց զգուշացնելու մեզ հասկացավ ու ասաց, որ ինքն է ուղարկել, բայց նման բան չկար»,-հիշում է Դերենիկ Խաչատրյանը։

Նախկին տանկիստը նաև հիշում է, թե ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ պատերազմ է կանչել հորը։ Նրա խոսքով՝ տանկերից մեկի վարորդը բացակա է եղել, հայրն էլ տանկիստ է եղել, որոշել է հորը կանչել.«Ասացի՝ պապ, մի հատ տանկ կա, վարորդն այստեղ չէ,արի։ Հայրս եկավ,բայց ինձ մոտ չբերեցին»։

Հիշողությունները հաջորդում են իրար ու նորից կանգ առնում Քյարամ Սլոյանի վրա.«Վերջին անգամ նրան տեսել եմ ապրիլի մեկին,տնից ուտելիք էին ուղարկել, կիսեցինք ու էլ չեմ տեսել։ Քյարամին համազգեստս էլ եմ տվել, գլխարկս, ու հիմա, որ դրված է իրենց տանը, իմ տված համազգեստն է։ Զորացրվելուցս հետո նրա հայրը կանչեց, որ ճշտի, թե արդյոք համազգեստը Քյարամի՞նն է, հենց նրանն էր, իմ տվածը, որը հագել էր, իմ կարած գլխարկը»։

Նա ասաց,որ վաշտն ընտանիքի պես է եղել, սակայն հիմա քչերն են մնացել Հայաստանում.«Քչերը կան,ում կզանգեմ ու հեռախոսը կվերցնի»։

Հարցին, թե անհրաժեշտության դեպքում կմեկնի՞ սահման,Դերենիկ Խաչատրյանն առանց երկար մտածելու պատասխանեց.«Իհարկե,եղբայրս էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում է սովորում,տանկիստ է, հայրս մեզնից շուտ կգնա, եթե պետք լինի, իհարկե կգնամ, իսկ եթե ստացվի ու շարունակեմ ծառայել խաղաղապահ ուժերում, այսպես, թե այնպես կլինեմ ծառայության մեջ»։

Տեսախցիկի առաջ չէ,բայց թաքուն Դերենիկ Խաչատրյանը խոստովանեց՝ չի կարողանում գնալ Քյարամ Սլոյանի գերեզմանին, իսկ նրանց տուն հաճախ չի այցելում, որ Քյամոյի մաման չարտասվի...

Առավել մանրամասն՝ տեսանյութում։






 

Ազատ տանկ կար, տանկիստ հորս կանչեցի պատերազմ. ապրիլյան պատերազմի մասնակիցը պատմում է պատերազմի, մանկության ընկեր Քյարամի, Ուրֆանյանի ու Աբաջյանի մասին (տեսանյութ)