Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադի ձերբակալման մասին որոշում է կայացրել

15:23 • 02.04.18

Թուրքիայում դատարանը հայազգի լրագրող Հայկո Բաղդադին ձերբակալելու և բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում վկայության չներկայանալու համար:

Ինչպես գրում է թուրքական ahvalnews.com կայքը, դեռևս 2015 թվականին Բաղդադը նախագահին քննադատող հոդված էր հրապարակել այն ժամանակ գործող «Թարաֆ» պարբերականի իր սյունակում: Բաղդադն անդրադարձել էր ընդդիմադիր լրագրող ու հաղորդավար Ահմեդ Հաքանի դեմ իրականացված հարձակմանն ու դրանում մեղադրել իշխանություններին:

Հայազգի լրագրողը, մասնավորապես, շեշտել էր, որ Էրդողանն իր անհադուրժող հայտարարություններով ու լրագրողներին վիրավորող ելույթներով քաջալերում է նման հարձակումներ իրականացնողներին:

Դատարանի այս որոշումը Հայկո Բաղդադը մեկնաբանել է այսպես. «Իմ երկրում՝ Թուրքիայում, իմ դեմ բացված բազմաթիվ դատական գործեր կան: Անձնագիրս առգրավվել էր, առգրավումից հետո անձնագիրը ետ ստացած 3-4 մարդկանցից մեկն եմ: Հատուկ պահպանության տակ առնվելուս մասին որոշումը չեղարկվեց: Այժմ նոր մահափորձերի վտանգի մասին տեղեկատվության առկայության պատճառով Գերմանիայում էլ ապրում են անվտանգության ծառայությունների խիստ հսկողության ներքո: Թե կարող են՝ թող գան բռնեն»,- ասել է այժմ Բեռլինում բնակվող ստամբուլահայ լրագրողը:

Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադի ձերբակալման մասին որոշում է կայացրել