ԱՄՆ ոստիկանությունը պարզել է YouTube-ի շտաբ-բնակարանում կրակ բացած կնոջ ինքնությունը (լուսանկարներ)
YouTube ինտերնետ-ծառայության՝ ամերիկյան Սան Բրունո քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում տեղի ունեցած կրակահերթը բացել է Կալիֆորնիայի 39-ամյա բնակչուհի Նասիմ Աղդամը, հայտնում է abcnews.go.com-ը՝ իրավապահ մարմիններում աղբյուրներին հղումով:
Առկա տվյալների համաձայն՝ կինը, որը կրակահերթից հետո ինքնասպան է եղել, որևէ առնչություն չի ունեցել YouTube ընկերության հետ:
Հայտնի է, որ կնոջ մոտ ատրճանակ է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Աղդամը ճանաչել է հարձակման հետևանքով տուժածներից մեկին՝ 36-ամյա տղամարդուն, որն էլ, հավանաբար, եղել է նրա թիրախը: Հայտնի է, որ տղամարդն այժմ հոսպիտալացված է ու գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկանությունը գտնում է, որ միջադեպի հետևանքով տուժած մյուս երկու կանայք ի սկզբանե որպես թիրախ չեն դիտարկվել Աղդամի կողմից:















