Գյուլենականների դեմ գործողությունները լարվածության պատճառ են դարձել թուրք-կոսովյան հարաբերություններում

11:39 • 05.04.18

Կոսովոյում գյուլենականների կրոնական համայնքի ներկայացուցիչների դեմ ուղղված ոստիկանական գործողություններն ու երկրի վարչապետի՝ դրան ի պատասխան տված կոշտ արձագանքը լարվածություն են առաջացրել թուրք-կոսովյան հարաբերություններում:

Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման մի քանի կոսովաբնակ անդամների դեմ օրերս հատուկ գործողություն է ձեռնարկվել տեղի անվտանգության ուժերի կողմից, ինչի արդյունքում ձերբակալվել են մի շարք գյուլենականներ:

Դրանից հետո Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայն աշխատանքից ազատել էր Կոսովոյի ներքին գործերի նախարարին և հետախուզության ծառայության պետին՝ նշելով, որ ինքը գյուլենականների դեմ նման գործողության թույլտվություն չէր տվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան դրա, Հարադինային մեղադրել էր ի դեմս գյուլենականների Թուրքիայի թշնամիներին պաշտպանելու համար:

«Դու այդ ո՞ւմ հրամանով նման քայլ արեցիր։ Այդ երբվանի՞ց ես սկսել Թուրքիայում հեղաշրջում իրականացնել փորձողներին պաշտպանել», - ասել էր Էրդողանն իր ելույթներից մեկում։

Կոսովոյի վարչապետի պատասխանն Էրդողանին չի ուշացել. «Կոսովոն կարող է լուծել իր խնդիրներն առանց Էրդողանի միջամտության»:

Գյուլենականների դեմ գործողությունները լարվածության պատճառ են դարձել թուրք-կոսովյան հարաբերություններում