Կարո Փայլանը մեղադրվել է թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը վիրավորելու համար, նա կարող է զրկվել պատգամավորական մանդատից

11:18 • 12.04.18

Անկարայի հանրապետական դատախազությունում քննություն է սկսվել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության 8 անդամի, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ, գրում է sondakika.com-ը:


Ինչպես տեղեկացնում է CDCA ANC France-ի ֆեյսբուքյան էջը, պատգամավորները մեղադրվում են թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը, կառավարությանը, պետության զինվորին կամ անվտանգության ուժերին վիրավորելու, ահաբեկչական կառույցների օգտին քարոզչությամբ զբաղվելու, քաղաքական կուսակցությունների կանոնակարգին դեմ գործելու և երկրի նախագահին վիրավորելու համար:

Հայտնի է, որ գործի շրջանակում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադա կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը, կառավարությանը վիրավորելու համար:

Ըստ այդմ՝ հենվելով Թուրքիայի սահմանադրության 83-րդ կետի վրա՝ Անկարայի դատախազությունը պահանջ է ներկայացրել զրկել 8 քաղաքական գործիչներին՝ Փայլանին, Օսման Բայդեմիրին, Ալիջան Օնլյուին, Ֆելեքնազ Ուջային, Սիբել Յիյիթալփին, Նադիր Յըլդըրըմին, Դիլեք Օջալանին, Միզգին Ըրգաթին, պատգամավորական մանդատից:


Պահանջն ուղարկվել է երկրի արդարադատության նախարարություն՝ ավելի ուշ խորհրդարանին ներկայացնելու համար:

 

Կարո Փայլանը մեղադրվել է թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը վիրավորելու համար, նա կարող է զրկվել պատգամավորական մանդատից