Սիրիային ուղղված հարվածն անհետևանք չի մնա, կատարվածի պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

10:19 • 14.04.18

Սիրիային այս գիշեր հասցված հարվածներն անհետևանք չեն մնա, Սիրիային ուղղված հրթիռային հարվածների պատասխանատվությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վրա է։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։


«Վատագույն մտավախություններն արդարացան։ Մեր նախազգուշացումներին ականջալուր չեղան։ Իրականացվում է նախապես պլանավորած սցենարը։ Մեզ կրկին սպառնում են։ Մենք զգուշացրել ենք, որ նման գործողությունները չեն մնա անհետևանք։ Ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա է»,- ասված է դեսպանի հաղորդագրությունում, որը տարածել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։


Նա նաև հայտարարել է որ ՌԴ նախագահի հասցեին արտահայտություններն «անընդունելի են ու անթույլատրելի»։


«ԱՄՆ-ն՝ քիմիական զենքի խոշորագույն զինանոցն ունեցող երկիրը, չունի բարոյական իրավունք այլ երկրների մեղադրելու համար»,- ասել է Անատոլի Անտոնովը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։


ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։


Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


ՌԴ ՊՆ-ն հաղորդում է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։


Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:


«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել էր Թրամփը:


Իր այդ հայտարարությունից հետո Թրամփը մեղմել էր իր դիրքորոշումը, և Սպիտակ տունը հայտարարել էր, որ հնարավոր գործողությունների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:


Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին հարձակում չիրականացնել իր դաշնակից Բաշար ալ Ասադի դեմ և սպառնացել է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: