ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց Սիրիայի հարցով ռուսական բանաձևը

23:17 • 14.04.18

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում վերջ դնել Սիրիայի նկատմամբ դրսևորվող ագրեսիային: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, քվեարկության ժամանակ բանաձևը բավականաչափ ձայներ չի ստացել:

Քվեարկությունն անցկացվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, որը հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ քննարկելու Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հասցրած ավիահարվածները:

Բանաձևին կողմ են քվեարկել ՌԴ-ն, Չինաստանը և Բոլիվիան, 8 երկիր դեմ է հանդես եկել, ևս 4-ը ձեռնպահ են մնացել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներկայացրած բանաձևը դատապարտում էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի նկատմամբ ցուցաբերվող ագրեսիան և կոչ անում վերջ դնել դրան:
Արևմտյան երկրները Սիրիայի ուղղությամբ 100-ից ավելի հրթիռներ են արձակել շաբաթ առավոտյան: