Սիրիական ՀՕՊ համակարգը խոցել է ոչ թե 13, այլ 71 հրթիռ. ՏԱՍՍ-ի թղթակից

17:04 • 14.04.18

Գիշերը Սիրային հարվածներ հասցնելու համար ամերիկյան,  բրիտանական ու ֆրանսիական հրթիռներից խոցվել են ոչ թե 13-ը, այլ 71-ը:

Այս մասին Tert.am –ին հայտնեց ՏԱՍՍ գործակալության ռազմական հարցերով  փորձագետ Վիկտոր Լիտովսկին՝ մանրամասնելով. «ՌԴ պաշտպանության նախարարությունում ելույթ ունենալով` գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, բանակի գեներալ Ռուդկսոյը հայտարարեց, որ արձակված 103 հրթիռներից խփվել է 71-ը: Իսկ սկզբում ասվել էր՝ 13, քանի որ օբյկետներից մեկում հենց 13 հրթիռ էր ոչնչացվել: Անգամ եղել են դեպքեր, երբ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի միջոցները խփել են բոլոր հրթիռները, որոնք մոտեցել են աերոդրոմի շրջակայքին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սիրիայում ապրիլի 13–ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ռմբակոծության մասին իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում. մինչ ռուսական և արևմտյան լրատվամիջոցների հիմնական մասը պնդում էր, որ Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռների հիմնական մասը ոչնչացված է, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ կիրառվել է 110 հրթիռ, որսացվել՝ 13-ը:

71 հրթիռի խոցումը Վիկտոր Լիտովսկին գերազանց արդյունք է համարում և ավելացնում՝ սա շատ լավ արդյունք է, առավել ևս, որ սիրիացիները խփում էին այդ թևավոր հրթիռներին բավականաչափ հին խորհրդային S-75  և այլ համակարգերով և քիչ թե շատ նոր՝ Բուկ –M -2 հրթիռներով:

Հարցին, թե ինչո՞ւ չեն գործադրվել ռուսաստանյան ՀՕՊ համակարգերը, այլ՝ սիրիական, և արդյոք սա ռազմաքաղաքական որոշում է` Վիկտոր Լիտովսկին հիշեցրեց, որ ՌԴ ԶՈւ բանակի գեներալ, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ամերիկյան կողմին նախազգուշացրել էր, որ եթե հարվածները լինեն այն օբյեկտներում, որտեղ ՌԴ քաղաքացիներ են, ապա թե՛ դրանց, թե՛ հրթիռակիրներին՝ նավերին, ինքնաթիռներին կհասցվեն հարվածներ:

Եվ, հետևաբար, ըստ Լիտովսկու, արևմտյան կոալիցիոն օդուժն ամեն ինչ արել է, որպեսզի հանկարծ հրթիռները չընկնեն ռուսական զորամիավորումների և այն օբյեկտների վրա, որտեղ կան ՌԴ քաղաքացիներ:

Եվ դրա համար հրթիռակոծությունները ոչ թե Միջերկրական, այլ Կարմիր ծովից էին, որպեսզի շրջանցեն ռուսական ՀՕՊ համակարգը: Իսկ ռուսական ՀՕՊ-ը գործի չդրվեց, որովհետև ՌԴ զինծառայողներ ու ՌԴ քաղաքացիներ չեն տուժել, և նրանք թիրախներ չեն եղել»,–ասաց Լիտովսկին։

Ամփոփելով՝ ՏԱՍՍ-ի մեկնաբանը  նկատեց, որ մեդիադաշտում քննարկվող հնարավոր հարվածների 2 տարբերակից՝ կոշտ և առավել մեղմ, ընտրվել է մեղմը:

Թեպետ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ սրանք միանգամյա հարվածներ էին, բայց Լիտովսկու խոսքով`ոչ ոք չի կարող ասել՝ հետագայում ինչ կանցնի Թրամփի մտքով և ինչ պատրվակով, քանի որ պատրվակը կարող է հորինվել: Ինչպես և՝ այս մեկը: Սա բեմադրություն էր, ոչ թե քիմիական հարձակում:

Վիկտոր Լիտովսկին նկատեց, որ քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամները, որոնք  պետք է Սիրիայում քիմիական զենքի առկայության փորձաքննություն անցկացնեին, հազիվ թե այս հարվածներից հետո կարողանան անցնել աշխատանքի՝ վախենալով նոր հարվածներից և կհրաժարվեն հետաքննություն անցկացնել: