Air China-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ բորտուղեկցորդի վրա հարձակման պատճառով

10:19 • 15.04.18

Air China ավիաընկերության ինքնաթիռն անվտանգության նկատառումներով արտակարգ վայրէջք է կատարել Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում, երբ ուղևորներից մեկը, ենթադրաբար, հարձակվել է բորտուղեկցորդի վրա:

CGTN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ CA1350 չվերթն իրականացնող ինքնաթիռը մեկնել է Հունան նահանգի Չանշա քաղաքից տեղական ժամանակով ժամը 08:40-ին և պետք է վայրէջք կատարեր Պեկինի միջազգային օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին:

«Անօրինական միջամտության հետևանքով Air China ավիաընկերության՝ Չանշա քաղաքից Պեկին ուղևորվող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ժամը 09:58-ին՝ Չժենչժոուի միջազգային օդանավակայանում: Բոլոր ուղևորներն արդեն բարեհաջող լքել են ինքնաթիռն ու գտնվում են սպասասրահում: Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,- նշել է օդանավակայանի ղեկավարությունը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ բոլոր ուղևորները, բացի կասկածյալից, գտնվում են սպասասրահում: Միջադեպի վայրում աշխատում է ոստիկանությունը: