ԱՄՆ-ն և դաշնակիցները Սիրիայի հարցով բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ

09:33 • 15.04.18

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության առնչությամբ: Այս մասին հայտնում է Liberation-ը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին:


Նշվում է, որ երեք երկրների բանաձևի նախագիծը կոչ է անում «ապահովել մարդասիրական օգնության անխափան մատակարարումը, կրակի դադարեցումը, ինչպես նաև՝ պահանջում Դամասկոսի մասնակցությունը խաղաղ բանակցություններին՝ Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարության ներքո»:

Դրանից բացի, բանաձևի նախագիծն առաջարկում է Սիրիայում քիմիական հարձակումների վերաբերյալ հաղորդագրությունների «անկախ հետաքննություն»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում վերջ դնել Սիրիայի նկատմամբ դրսևորվող ագրեսիային:

Քվեարկությունն անցկացվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, որը հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ քննարկելու Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հասցրած ավիահարվածները:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ 


ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։


Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։