Լավ կլինի, որ եթե մարդիկ ընդդիմություն են, նորմալ ձևով լինեն ընդդիմություն. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

15:00 • 17.04.18

Վարչապետին ընտրում են հանրապետականները: Մենք ընտրել ենք նրան, ով կկարողանա լավ աշխատել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին:

Անդրադառնալով փողոցային ցույցերին՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ նայելու ժամանակ չի ունեցել, բայց «տարիների ընթացքում այնքան ցուցարարների է տեսել, որոնց կազմակերպված գործընթացները առաջ չեն գնացել»:

«Ամբողջ Եվրոպայում, եթե մարդիկ ցույցեր են անում, ցույցեր են անում տարբեր կողմերում, մեկը՝ տրանսպորտի, մյուսը՝ ուսանողության կամ սոցիալական հարցերում: Մեր երկրում ով մի քայլ է ունենում, անպայման ուզում է դառնալ պետության լիդեր»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Պատգամավորը նշեց, որ իրավիճակը վերլուծել է պետք, բայց ինքը հետաքրքրված չէ այս գործընթացով: «Լավ կլինի, որ եթե մարդիկ ընդդիմություն են, նորմալ ձևով լինեն ընդդիմություն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխության» մեկնարկ է հայտարարել, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Քիչ է մնում ինձ Մարքսից հարցնեք... Նիկոլ Փաշինյանն է, իր խնդիրն է, իր խոսքերն ասում է: Նրա ասածները ես պետք է վերլուծե՞մ: Նրա քայլերն ուղված են նրան, որ վարչապետն այնպիսի մարդ լինի, որ իրեն դուր գա, իսկ դրա համար անհրաժեշտ է այսօրվանից ժողովրդի հետ աշխատել, լինել մարզերում, շատ մարդիկ ունենալ թիկունքում, որպեսզի իշխանության գալ և լուծել խնդիրները»:

Պատգամավորի խոսքով՝ ինքը շատ է տեսել ցուցարարների գործողությունները. «Ժամանակին ես էլ եմ ցուցարար եղել, բոլորին ճանաչում եմ, գիտեմ, որ հայ ժողովուրդը ցուցադրական նման գործողություններով առաջադիմություն չի ունենա: Ես ընդունում եմ ընդդիմությանը, եթե պարզ, շիտակ քննադատում է իշխանությանը, իսկ սա ընդդիմություն չէ, սրանք ընդդիմադիր գործիչներ են, նա քաղաքական տեսանկյունից ժողովուրդ չունի, ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել, որ ունենան ժողովուրդ»:

Լավ կլինի, որ եթե մարդիկ ընդդիմություն են, նորմալ ձևով լինեն ընդդիմություն. Գալուստ Սահակյան (տեսանյութ)