Կա երրորդ ճանապարհ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որում անդրադարձել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Պատգամավորն ասել է, որ չի միանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարին, նաև չի միանում վարչապետ Սերժ Սարգսյանին։
Հարցին, թե որն է պատգամավորի տեսակետը վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչի մասին, որը Նիկոլ Փաշինյանը մերժել է, իրավիճակի ինչպիսի հանգուցալուծման ելք է տեսնում, Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրապես շատ ծանր, լարված իրավիճակ է հիմա երկրում և այն քաոսային արագությամբ զարգանում է:
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է, որովհետև, օրինակ, Դաշնակցությունն էլ առաջարկում է, որ երկխոսության պլատֆորմ լինի, բայց խնդիրը հետևյալում է՝ մարդիկ հավատ չունեն»,– ասել է նա՝ ավելացնելով, թե չի հասկանում, թե ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը, երբ արագ վերանշանակեց բոլոր նույն նախարարներին:
«Այսինքն՝ ինքն ի՞նչ էր ուզում դրանով ասել, ի՞նչ ուղերձ է տալիս: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը: Ի՞նչ է ուզում, որ երկխոսեն: Հիմա իրավիճակը հետևյալն է. Սերժ Սարգսյանը բոլորին ասում է՝ ես հրաժարական չեմ տալու: Եվ ասում է՝ եկեք երկխոսենք, բայց այդ հայտարարության մեջ չկա բովանդակություն, չկա՝ ինչի՞ մասին երկխոսենք»,– ընդգծել է պատգամավորը՝ ավելացնելով, որ կողմերը ոչինչ չեն անում, որպեսզի իրավիճակը չսրվի:
«Երկու կողմերն էլ փոխզիջելու բան չեն թողնում և շարժվում են առաջ: Այդ շարժվելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որը ծայրահեղ լարված է, և ես այդ լարվածությունն զգում եմ օդում, զանգերում, սոցցանցերում, փողոցում: Իշխանությունը որևէ կերպ ադեկվատ չէ»,– ասել է նա:
Էդմոն Մարուքյանը նշել է, որ այսօր ճգնաժամ կա, որովհետև կեղծ ընդդիմություններ են ձևավորվել, կեղծ համակարգ, սակայն ըստ նրա, իրավիճակից ելք կա։ «Հիմա ես ձեզ ասում եմ, որ հաստատ, վստահ եմ՝ կա երրորդ ճանապարհ»,– ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ինքն ամեն ինչ ուզում է անել, որ բռնություններ տեղի չունենան, որ ամեն ինչ ընթանա իր խաղաղ հունով։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ փոխզիջման կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը և արդյոք իշխանությունները կարող են զիջել, պատգամավորն ասել է, որ Նիկոլ Փաշինայնը շատ լավ գիտի և՛ իր հայացքները, և՛ իրենց գործընկեր Արամ Սարգսյանի հայացքները։ «Նա շատ լավ գիտի։ Եթե մեր մոտեցումները ընդունված լինեին, մենք կլինեինք այնտեղ։ Շատ պարզ է, բոլորը գիտեն մենք բոլորին բացատրել ենք։ Բայց վստահ եմ ՝ կա երրորդ ճանապարհ։ Եվ հիմա կա հնարավորություն այս ամբողջ շարժումը կապիտալիզացնելու նաև այդ ճանապարհի միջոցով։ Պետք է խոսել դրա մասին պետք է հասկանալ»։
Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը տոտալ փակուղի է, և պետք է ամեն բան անել, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի բռնություններ չլինեն, ինչի համար հարկավոր է փոխզիջում, հակառակ դեպքում դա անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների։
«Ոչ մի քաղաքացու մենք չպետք է վտանգի տակ դնենք և թիվ մեկ պատասխանատուն, այո, ասել եմ, որ Սերժ Սարգսյանն է։ Բայց մենք էլ այս կողմից պետք է ունենանք ինչ-որ տարբերակներ։ Եվ ես տեսնում եմ, որ այդ տարբերակը չկա։ Մեր անհանգստությունը սա է․ մենք սիրո, հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին, և ասում ենք, որ այո՛, կա երրորդ ճանապարհ։ Ով, որ ասում է, որ չկա երրորդ ճանապարհ, ով, որ ասում է՝ չկա կոմպրոմիս, ով, որ ասում է՝ պետք է զորքերով բերենք կոտորենք, իմացեք՝ էդ մարդկանց համար շատ վատ է լինելու»,– շեշտել է նա։
Պատգամավորը նշել է, որ ինքը յուրաքանչյուր մարդու համար է անհանգստացած, որովհետև տեսնում է, որ իշխանությունը գնում է «Մարտի 1»–ի ճանապարհով։ Հիմա պետք է տեքստերը բերել քաղաքական հուն։ Երրորդ ուղի կա։ Կա երրորդ ճանապարհ։ Այդ ճանապարհին մենք հավատացել ենք։ Ես, Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը հավատացել ենք էդ ճանապարհին, ու էդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան այն պահին, երբ որ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք և ասել ենք՝ լավ, դու քո հավատացած բանը արա, մենք մեր հավատացած բանը անենք։ Ես կարծում եմ, որ սա է պետք կանխել։ Մենք այլ տարբերակ չունենք, հասկանո՞ւմ եք»,– ասել է պատգամավորը։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ բոլոր պետք է միջամտեն, բոլոր դեսպաները պետք է գան, միջազգային կառույցները, պատվիրակությունները, գան, տեսնեն, որպեսզի մարդկանց նկատմամբ ուժ չկիրառվի: «Ես ուրիշ ձև, տարբերակ չգիտեմ: Երրորդ տարբերակի հետ կապված, մենք կարող ենք խոսել դրա մասին, եթե չեն ուզենա դա իրենց խնդիրն է: Բոլորը պատասխան են տալու իրենց գործողությունների համար»,– շեշտել է նա:










