ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան
21:35
Մենք երբեք չենք խոսել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք շարունակում է կողմ լինել, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից:
«Իրականում ներկայումս իրավիճակը հետևյալն է. նման կազմակերպություններից դուրս գալը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով, բայց ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շարժում կատարել: Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ համապատասխան է ՀՀ շահերին: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
21:22
Հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ը չհամաձայնվի իրենց պահանջներին, Փաշինյանը պատասխանեց.
«Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել նրան, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, համաձայնվի ժողովրդի կամքի հետ, այլապես մենք կշարունակենք մեր ակցիաները՝ նույնիսկ ավելի մեծ ծավալով»:
Հարցին, թե ինքն արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքական գործիչ է արդյոք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ո՛չ, եթե ինձ որևէ մեկն անվանի արևմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ ռուսամետ անվանի, դա ևս թյուրըմբռնում կլինի, միակ ճշգրիտ ձևակերպումը մեր քաղաքական կողմնորոշման՝ դա բացառապես պրոհայկականությունն է»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Կառավարությունում, հատկապես՝ միջին օղակներում, շատ չինովնիկներ կան, ովքեր մեծ պոտենցիալ ունեն, և իրենք այն կօգտագործեն: «Մենք այնտեղ կողմնակիցներ ունենք, և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը: Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել: Հատուկ ծառայություններում, ոստիկանությունում աշխատող մարդիկ հնարավորություն կունենան շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:
20:53
«Վարչապետ ինչպե՞ս եք դառնալու, հրապարակո՞ւմ» հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա:
20:51
Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին Ռուսաստանի և այլ աշխարհաքաղաքական ուժերի վերաբերմունքի մասին իշխանափոխությանը: Նա ասաց, որ իրենք որևէ օտարերկրյա ուժերի հետ որևէ խոսակցություն, բանակցություն չեն ունեցել, ո՛չ ռուսական, ո՛չ ԵՄ կամ ԱՄՆ-ի հետ:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք փակ ենք որևէ բանակցության համար: Ես ուզում եմ պնդել ևս մեկ անգամ, որ չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր հեղափոխության մեջ, և սա Հայաստանի մաքուր ներքին գործն է, չկա որևէ աշխարհաքաղաքական ուժ, որը ներգրավված է: Ես հույս ունեմ, որ աշխարհաքաղաքական ուժերը հասկանում են դա, այնպես որ մենք պատրաստ ենք խոսել Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին խոսել»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ իրենք պաշտպանելու են ինչպես ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների շահը, այնպես էլ Արցախի շահը:
Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ՌԴ-ի հետ ինչպիսի քաղաքական հարաբերություններ է կանխատեսում:
«Բոլոր իշխանությունները միշտ էլ նույն պատասխանն են տալու ՌԴ-ի հարցում, այն է, որ ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ-շատ կարևոր են: Կասկած չկա, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական, բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություներում խնդիր չկա, մեր նպատակը չէ քննադատել, այլ խնդիրն է լուծել բանակցությունների, քննարկումների մեջ եղած խնդիրները, և ես վստահ եմ, որ այդ խնդիրները լուծվելու են»,- ասաց նա և թվարկեց դրանցից մի քանիսը՝ կապված ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների շահերի հետ, նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետ կապված:
20:41
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը և իր թիմը պատրաստ են ՀՀ-ն առաջնորդելու, և այս պահին դեռ խոսում են ժամանակավոր կառավարության մասին:
«Կարծում եմ՝ ամենակարևոր ու միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, դա արդար ժողովրդավար ընտրությունների անցկացումն է: Այս թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ու թիմ ունի դրան հասնելու համար: Բայց մենք կներառենք գուցե այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից և այլն»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ այս պահին իրենք բաց են բանակցությունների համար: «Եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, մենք կքննարկենք այն»,- ասաց նա:
Իսկ մինչ այդ ըստ նրա հանրապետության հրապարակում ոչ մի դադար չի լինի, քանի իրենց «հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին չի հասնի»: Նա տեղեկացրեց, որ վաղը իրենք ևս հանրահավաք են իրականացնելու ՀՀ-ում:
«Մենք այսօր հնարավորություն ունենք մեկ ժամվա ընթացքում ցանկացած մարդաշատ միջոցառում անցկացնելու և մենք վայելում ենք ժողովրդի աջակցությունը, որևէ մեկը թող չկասկածի, որ ժողովրդի հաղթանակը մեր ձեռքից կարող ենք բաց թողնել, կամ իրադրություն փոխել, ոչ մեկը չպետք է փորձի»,-ասաց նա:
---------------------------------
ՀՀ-ում մեր քաղաքական շարժումն այսօր վայելում է բնակչության 90 տոկոսի և Սփյուռքի աջակցությունը, և այսօր ոչ ոք չի կարող ժողովրդից խլել այդ հաղթանակը. միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այդպիսի բան չի լինի, որ ՀՀԿ-ական որևէ թեկնածու լինի ՀՀ վարչապետ: ՀՀ-ում ՀՀԿ ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ՝ վերակենդանացնելու այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հարցի, թե պատրաստ է լինել վարչապետ, ասաց. «Ես արդեն ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի նման պարտականություն, ես իհարկե կստանձնեմ այն: Ես հասկանում եմ, որ կա շատ հավանականություն, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ից կա նման երաշխիք, որ նրան էլ կընտրեն, Փաշինյանը պատասխանեց, որ իրենց օրակարգի պահանջների երրորդ կետը հենց դրան է վերբերել: «Մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ ու օրինական ընտրությունը երկրում, որովհետև բոլորս համոզված ենք, որ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ տոտալ սկսեցին չվստահել ընտրություններին, և առաջին բանը, որ պետք է անենք, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և քաղաքական կուսակցությունների մասին օրենքը»,-ասաց նա:
Հստակեցմանը, թե երաշխավորություն ունեցել են, որ ՀՀԿ-ն պատրաստ է հեռանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ՀՀԿ-ից չունենք որևէ երաշխավորություն, մենք ունենք ավելի ուժեղ երաշխիք, և դա Հայաստանի ժողովրդի տված երաշխիքն է»,- ասաց Փաշինյանը:










