Կանայք կարող են ծաղկեցնել ասիական երկրների տնտեսությունները՝ 4.5 տրիլիոն դոլարի եկամուտ բերելով

23:24 • 24.04.18

Ավելի մեծ թվով կանանց աշխատանքի ընդունելը կարող է նպաստել Ասիայի տնտեսությունների բարգավաճմանը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, այս մասին վկայում են McKinsey Global Institute-ի՝ երեքշաբթի հրապարակված զեկույցի տվյալները: Ինստիտուտի գնահատումների համաձայն՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունները մինչև 2025 թվականը կարող են իրենց հավաքական ՀՆԱ-ն հասցնել 4.5 տրիլիոն դոլարի, եթե բարելավեն գենդերային հավասարության վիճակը:

Ինստիտուտի կարծիքով՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, հավանաբար, «ամենից դինամիկ զարգացող տարածաշրջանն է աշխարհում», սակայն տարածաշրջանի շատ երկրներում կանայք   անհավասար վերաբերմունքի են հանդիպում աշխատանքում և հասարակության մեջ՝ տղամարդկանց հետ համեմատ:

Գենդերային հավասարության ամենամեծ բացթողումները գրանցվում են Բանգլադեշում և Հնդկաստանում, որտեղ վաղուց առկա են տնտեսական կորուստների մասին մտահոգությունները՝ աշխատուժում կանանց պակաս ներգրավվածության պատճառով: