«Մեր հայ քաղաքացիների ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի ու բարոյականության պահանջն է». Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին

14:35 • 24.04.18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքարանին։

 

Ստորև ներկայացնում ենք ցավակցական ուղերձը՝ մասնակի կրճատումներով.


«Հարգելի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան,

շատ թանկագին իմ հայ քաղաքացիներ,

ի սրտե ողջունում եմ ձեզ:

Այսօր դուք Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ու բարդ պայմաններում մահացած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի հիշատակը հարգելու համար միախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո:

Կյանքից զրկված օսմանյան հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում և նրանց երեխաներին ու թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում:

Այս կապակցությամբ հոգու խաղաղություն և ողորմություն եմ խնդրում նույն ժամանակահատվածում հիվանդությունների, գաղթերի, պատերազմի ու բախումների հետևանքով մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար:

Պատմության ընթացքում մենք մշտապես եղել ենք ցավերը կիսող, այլ ոչ դրանք տարբերակող կամ դրանցով մրցակցող»:


Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ այսօր էլ Թուրքիան ջանում է հզորացնել խաղաղության ու եղբայրության ուժը՝ «հենվելով պատմական ժառանգության վրա»:

«Մեր հայ քաղաքացիների՝ պատմության ընթացքում ապրած ցավերը կիսելը թուրք ազգի խղճի ու բարոյականության պահանջն է», -ասված է Էրդողանի հայտարարության մեջ:

Նա նաև իր համոզմունքն է հայտնել, ըստ որի Թուրքիայի հայ քաղաքացիները շարունակելու են իրենց կարևոր ներդրումն ունենալ երկրի մշակութային, քաղաքական ու տնտեսական ոլորտներում: