Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր խմբակցության հետ, ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել. Արարատ Միրզոյանը՝ Սամվել Ֆարմանյանին
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում պատասխանել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Իր պատասխանում պատգամավորը մասնավորապես ասում է.
«Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։
Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։
Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրու Վահրամ Բաղդասարյանին, հարցրու Գագիկ Մինասյանին և այլոց։
Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։
Եվ վերջում. մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, գժուկներ, ինչպես կասեր դասականը։
Եղբայրաբար՝
Քո ուսանողական ընկեր Արարատ»:










