Երևանի տարբեր հատվածներում ընթացող քաղաքացիական անհնազանդության գործողություններն ավարտվեցին (տեսանյութեր, լուսանկարներ)
16:36
Տիգրան Մեծի պողոտայում ցուցարարները նկատեցին առանց պետհամարանիշի ավտոմեքենա և պահանջեցին ավտոտեսուչներից հեռացնել այդ մեքենան, քանի որ դա օրենքի շրջանակում չէ:
Ոստիկաններին չհաջողվեց հասկանալ, թե ով է մեքանայի վարորդը, ի վերջո, ոստիկանները քարշակ բերեցին և տարան մեքենան:
16:09
Առավոտյան ժամը 11:30-ից սկսած անհնազանդության գործողությունները, որոնք իրականացնում էին «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, դադարում են: Արդեն իսկ հերթով բացվում են մայրաքաղաքի փողոցները, որպեսզի մարդիկ կարողանան գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցեն հանրահավաքին: 
14:50
Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկը փակած ցուցարարներին միացավ կանադահայ դերասանուի Արսինե Խանջյանը և բարձրացավ դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Նա նշեց, թե իր բառերը չեն բավականացնում, որ պատմի այս օրերին ունեցած զգացողությունների մասին: Խանջյանի խոսքով՝ մինչ ՀՀ ժամանելն էլ տեղից էր հետևում բոլոր իրադարձություններին:
«Բայց հանդիպելը, մարդկանց աչքերը տեսնելը, ոգևորությունը զգալն ամենամեծ նվերն է, որ կարող էի ստանալ իմ ազգի ու ժողովրդի կողմից: Կցանկանամ շնորհակալություն հայտել նրա համար, որ իրականացրիք անկախության հոգին ու ապագան: Երիտասարդությունն է մեր ապագան»,- ասաց նա:
Դերասանուհին նշեց, թե իր համար անհավատալի էր, որ իրադարձություններն այս հունով կզարգանան.
«Այնքան էինք լսել, որ այս երկիրը չի փոխվի և ալն, որ Սփյուռքում էլ սկսել էինք հավատալ, թե փոփոխություններն անկարելի են, բայց դուք փաստեցիք, որ ամեն բան կարելի է: Փաստեցիք, որ անկարելի բան չկա, պարզապես ժամանակ է պետք, իսկ դուք ստեղծեցիք այդ ժամանակը»,- շարունակեց Արսինե Խանջյանը:
14:24
Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում ցուցարարներին մոտեցան ոստիկանները և հորդորեցին բացել ճանապարհը:
Սակայն ցուցարարները հրաժարվեցին դադարեցնել բողոքի ակցիան և սկսեցին «ոստիկանը մերն է» վանկարկումները:
Ցուցարարները թույլ են տալիս անցնել միայն շտապօգնության և հրշեջ մեքենաներին ու ծանր հիվանդներին:
Փողոց փակող ցուցարարների թվում կան նաև մանկասայլակներով մայրեր, ցուցարարներին միացել են նաև բեռնատարների մեքենաները: Փակ ճանապարհին բախվեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
13:35
Ցուցարարների մի հոծ խումբ գտնվում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ժամեր անց քայլերթով շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ: 

13:27
Փակվել է նաև Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկը:
13:10
Քաղաքացիական անհնազանդության գործողություններին միացել են նաև Արտաշատի քաղաքացիներն ու դպրոցականները: Նրանք փակել են Երևան-Արտաշատ մայրուղին:
Tert.am-ի թղթակիցը նշեց, որ Արտաշատի մայրուղին փակել են Խոր Վիրապ համայնքի աշակերտները: Նրանց միացել են մարզի Տափերականի, Լուսառատի և հարակից այլ համայնքների բնակիչներ:
Ցուցարարաները նշեցին, որ պատրաստվում են ճանապարհը ևս մեկ ժամ փակ պահել, որից հետո նախատեսում են երեկոյան գալ Երևան և մասնակցել հանրահավաքին:


13:06
Ուսանող-ցուցարարները շարունակում են իրենց քայլերթը: Բժշկական համալսարանից հետո նրանք ակցիա իրականացրին Պոլիտեխնիկական և Ագրարային համալսարանների դիմաց: 


12:42
Ուսանողները բոլոր կողմերից փակել են Բժշկական համալսարանի դիմացի տարածքը՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկը: 
12:33
Բողոքի ակցիաներ են իրականացնում նաև Արտաշատի դպրոցականները: Նրանք «միացե՛ք» վանկարկումներով քայլերթ են իրականացնում քաղաքի փողոցներով: Դպրոցականները նշում են, թե գրեթե ամեն օր իրենք դուրս են գալիս բողոքի ցույցի:
12:25
Ուսանողական շարժման անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ուսանողներով հավաքվել և քննարկել են խնդիրներ:
«Մեզ մոտ արդեն արմատավորվել է, և մենք զգում ենք, որ հաղթանակը շատ մոտ է, բայց մի քանի կարևոր հարցեր կան, որ ուսանողներով պետք է շեշտենք: Առաջինը բուհերի ապակուսակցականությունն է»,- ասաց նա:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հեղափոխությունից հետո բուհերի ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցական անձիք:
«Մենք կարծում ենք, որ բուհում կուսակցական անձի ներկայացվածությունը բացասական ազդեցություն է ունենալու բուհի ինքնիշխանության, կրթության որակի վրա»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ ուսխորհուրդների ղեկավար մարմնում ևս չպետք է լինեն կուսակցական մարդիկ:
«Շատ կարևոր է, որ համալսարանում ազատ խոսքը, միտքը չհետապնդվի: Կուրսի ավագները ոչ թե պետք է զբաղվեն դեկանատի հրամաններն իրականացնելով, պարզելով, թե կուրսում ով է ուրիշ բաներ խոսում, այլ պետք է իրենց պարտականությամբ զբաղվեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ համալսարանում պետք է լինի նորմալ կրթական, ակադեմիական մթնոլորտ, այլ ոչ համալսարանը լինի գաղջ, տխուր, հիասթափեցնող ինչ-որ մի խումբ մարդկանց շահերը սպասարկող ինչ-որ կառույց:




12:15
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սատարողների մի մասն էլ գտնվում է Հանրապետության հրապարակում: Ցուցարարները հրապարակի կողմից փակել էին Ամիրյան փողոցը, ինչպես նաև Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը:
------------------------------
Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարակից տարածքից մեկնարկեց ուսանողական երթը:
Ուսանողական շարժման անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր համալսարաններով կմիավորվեն և կգնան Ֆրանսիայի հրապարակ, ապա՝ հանրահավաքի:
Նա ներկայացրեց երթուղին՝ ԵՊՀ-ից կքայլեն դեպի Բժշկական համալսարան, Ագրարային, Պոլիտեխնիկ, Բրյուսով, Թատերական համալսարան, ինչից հետո կգնան Ազատության հրապարակ:
Հարցին, թե փողոցներ կփակեն, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ընթացքում կհասկանան՝ փողոց կփակեն, թե ոչ: Ըստ նրա՝ երթը հավանաբար կտևի մինչև ժամը 15:00-ն:
Նշենք, որ ուսանողները քայլերթն անվանել են «Ուսանողական զարթոնք. մեր վերջին քայլը»: Դավիթ Պետրոսյանը մեկնաբանեց, թե ուսանողական զարթոնք են բնորոշել, որովհետև հենց ուսանողներն ունեցան մեծ ազդեցություն քաղաքական գործընթացների վրա:
«Սա առաջին շարժումն էր, որ ուսանողների ներգրավվածությունը մեծ էր, և այն բեկումնային էր, քանի որ ՀՀ-ում ամենակարևոր հարցն է որոշվում»,- ասաց նա և հույս հայտնեց, որ կլինի վերջին քայլը գրանցված մի շարք հաղթանակներից հետո:
«Հաղթանակն ամբողջովին դեռ տեղի չի ունեցել»,- ասաց նա:











