Չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում պետք է ստեղծվի աշխատանքային մթնոլորտ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար:
Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ տրամադրվածությամբ է հանդիպելու խմբակցությունների հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է աշխատանքային միջավայր ստեղծել, հետո անցնել այլ հարցերի լուծմանը:
Հարցին, թե բոլոր այն խնդիրները, որոնց մասին Փաշինյանը բարձրաձայնել է որպես ընդդիմադիր պատգամավոր, ստանալո՞ւ են իրենց լուծումները, Փաշինյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հակառակ դեպքում այս ողջ գործընթացը տեղի չէր ունենա. «Մեր բոլորի խնդիրը դրական փոփոխություններ իրականացնելն է: Եթե դուք նկատի ունեք կոռուպցիան և այլ բացասական երևույթները, իհարկե, կկարողանամ լուծել այդ հարցերը. ինչ արել ենք մինչև հիմա ժողովրդի միջոցով, նույն կերպ շարունակելու ենք»:
Հարցին, թե արդյո՞ք կադրային խնդիրներ չի ունենա, եթե օրինակ այժմ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաները հրաժարվեն իր հետ համագործակցելուց, Փաշինյանը վստահեցրեց, որ կադրային խնդիրները բացառելու է:
Հարցին, թե այն մարդիկ, ովքեր ոչ այդքան դրական համբավ ունեն և կողմ են քվեարկելու իրեն, արդյոք դա իրեն չի՞ կաշկանդի և ի՞նչ է լինելու նրանց հետ, Փաշինյանն ասաց, որ անուն ազգանունները քննարկելը ճիշտ չէ, պետք է սկզբունքներ քննարկել. «Հարցերը պետք է քննարկել հերթով, հիմա ես վարչապետի թեկնածու եմ»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի թիմակից Արարատ Միրզոյանի՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնելու մասին հայտարարությանը, Փաշինյանն ասաց, որ բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն և կկայացվի որոշում:
Ինչ վերաբերում է Երևանի պետական համալսարանի նախաձեռնությանը՝ Փաշինյանի համաձայնության դեպքում դիմել ԿԳՆ նրա դիպլոմը տալու համար, Փաշինյանն ասաց. «Գիտեք, որ եթե ես ցանկանայի վերցնել իմ դիպլոմը, այս 23 տարվա ընթացքում կվերցնեի»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Փաշինյանի մոտ դիրքորոշում է փոխվել և անձանց հանդեպ վերաբերմունքը մեղմացել է, Փաշինյանն ասաց, որ մեղմացման մասին չէ խոսքը. «Միաժամանակ նույն մարդը, երբ վարչապետ է, միաժամանակ դատավոր է, դատախազ է, այդ ժամանակ է խնդիրը սկսում է: Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործությունն ապահովելն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, մնացածը գործառնություններ են, որ այդ մարմինները պետք է իրականացնեն: Ես կարող եմ երաշխավորել, որ այդ սկզբունքը կպահպանվի, և ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ և այլն»:
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը և հարցին, թե Փաշինյանը պնդո՞ւմ է, որ «Մարտի 1-ի» գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվի, կպնդի՞ նույնը վարչապետ դառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ «Մարտի 1-ի» գործի բացահայտումը կարևորագույն խնդիրներից է և պետք է բացահայտվի: Ես հիմա՝ այսօրվա իմ կարգավիճակի բերումով, չեմ կարող այլ հայտարարություններ անել, բայց իմ տեսակետը գիտեք»:
Ինչ վերաբերում է Արցախին և հանրահավաքների ընթացքում Արցախին հարցին չանդրադառնալուն՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի անվտանգությունը առաջնահերթություն է, և ժողովրդական զարթոնքը բարձրացնում է անվտանգության մակարդակը, որովհետև այս ամենի արդյունքում զինվորների ու բանակի ոգին բարձրանում է. «Վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից կլինի օպերատիվ իրավիճակին ծանոթանալը: Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է, և այն պարագայում, երբ Ադրբեջանից հայտում են, որ նրանք պետք է գրավեն Երևանը, ուրեմն մեր հիմնական խնդիրն է հետևողականեն ուժեղացնել մեր բանակի մարտունակությունը, մեր հանրության ընդհանուր տրամադրությունը. դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ, իսկ երբ Ադրբեջանը ոչ կառուցողական հայտարարություններ է անում, ապա բանակցությունների համար Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ի վերջո նպաստեն, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը»:










