Հիվանդանոցում մահացել է HSBC բանկի վրա հարձակման ընթացքում տուժած ոստիկանը. նոր մանրամասներ (տեսանյութեր, լուսանկարներ)

14:56 • 03.05.18

17:20

Բժիշկներին չի հաջողվել փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։

Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

«Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացել է։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,-գրել է նա։

16։00 

Պարզվել է, որ HSBC բանկի վրա զինված հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։



15։58

Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: 

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել: 

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: 

Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: 

Դեպքի հանագամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

15։39 

Ոստիկանության ներկայացուցիչ Արտակ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տուժել են երեք հոգի, բոլորն էլ տղամարդիկ են: 

«Բանկի աշխատակիցները և ոստիկանները փորձում են պարզել գումարի չափը: Տուժածները երեքն են, նրանցից մեկը, դժբախտաբար, մահացել է, նա բանկի անվտանգության աշխատակիցն էր: Վիրավորներից մեկն էլ ոստիկանության աշխատակից է»,-ասաց նա:

15։33 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: 



«Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Դեպքի հանագամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,–այս մասին գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ Facebook-ի իր էջում:


15:27

Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը, ականատեսներից Արևիկ Խաչատրյանի խոսքով՝ բանկը թալանողին բռնելու ժամանակ ոստիկան է վիրավորվել: Ըստ նրա՝ հրազենային վիրավորումը եղել է ենթադրյալ հանցագործի մոտ առկա ատրճանակով:

-------------------------------

Երևանի Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող «HSBC–Հայաստան» բանկում միջադեպ է գրանցվել: Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ փորձել են թալանել բանկը, ինչը մասամբ հաջողվել է: 

«Զինված հարձակում է տեղի ունեցել «HSBC–Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա: Ենթադրյալ հանցագործը բերման է ենթարկվել, ոստիկաններին հաջողվել է կանխել նրա փախուստը: Բացի այդ, ոստիկանները Գյուլբեկյան փողոցում հայտնաբերել են նռնակ և գողոնի մի մասը: Ըստ ականատեսների՝ կա մեկ վիրավոր»,-ասաց Tert.am-ի թղթակիցը: 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, նրանք քաղաքացիներին հորդորում են հեռու մնալ դեպքի վայրից: Ժամանել է նաև շտապօգնության ծառայություն:


Shamshyan.com կայքը հայտնում է, որ կա զոհ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեսանյութում հայհոյանքներ են լսվում, անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։ 











Հիվանդանոցում մահացել է HSBC բանկի վրա հարձակման ընթացքում տուժած ոստիկանը. նոր մանրամասներ (տեսանյութեր, լուսանկարներ)