Մինչև հիմա և հետայսու իմ ցանկացած քայլ պայմանավորված է եղել և լինելու է պետությանն ու ժողովրդին ծառայելու իմ միանշանակ պատրաստակամությամբ. Դ. Տոնոյան

12:17 • 04.05.18

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպման մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին և պատգամավորի կողմից իրեն արված առաջարկներին:

-Պարո՛ն Տոնոյան, վերջերս շատ են շրջանառվում լուրերն այն մասին, որ Դուք հանդիպում եք ունեցել ժողովրդական շարժման առաջնորդներից Արարատ Միրզոյանի հետ: Դրանից հետո շրջանառության մեջ դրվեց Ձեզ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկելու մասին լուրը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Այո՛, հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, եղել է թափանցիկ, ինչի մասին  հանրությանը իրազեկել եմ իմ նախորդ հարցազրույցում։ Ես անմիջապես արձագանքել եմ հանդիպման առաջարկին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակում հանրային անվտանգության պահպանման, ռիսկի նվազեցման, արտակարգ դեպքերին արձագանքելու մեխանիզմների անխափանության ապահովման և ռիսկերի նվազեցման կարևորությունը: Վերոնշյալ խնդիրներից բացի՝ հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը ինձ տեղեկացրել է, որ քննարկվել է ինձ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրելու հարցը: Շնորհակալ լինելով նման բարձր վստահության համար՝ ես ի գիտություն եմ ընդունել տեղեկությունը, սակայն հայտնել եմ, որ իրականացնում եմ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները և շարունակելու եմ հանրային ծառայությունը պետությանը և ժողովրդին՝  ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ
օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակում:

- Պարոն Տոնոյան, կհստակեցնե՞ք՝ արդյոք կհամաձայնե՞ք ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը նոր ձևավորվող կառավարությունում:

- Այս թեմայով շահարկումներին վերջ դնելու համար՝ ցանկանում եմ հստակ
շեշտել իմ խորը համոզմունքն առ այն, որ պաշտպանության նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնը Հայաստանի շուրջ ձևավորված ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում պետք է ստանձնի քաղաքական ուժերի և երկրի ղեկավարության լիակատար վստահությունը վայելող անձը։ Միևնույն ժամանակ, ուզում եմ հստակեցնել, որ մինչ հիմա և սրանից հետո իմ ցանկացած քայլ պայմանավորված է եղել և լինելու պետությանն ու ժողովրդին ծառայելու իմ միանշանակ պատրաստակամությամբ: