Հավայի կղզում հրաբխի ժայթքումից առնվազն 30 տուն է ոչնչացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Հավայի կղզում Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո լավայի հոսքից առնվազն 30 տուն է ոչնչացվել, այս մասին գրում է Hawaii News Now պորտալը։
Ըստ աղբյուրի՝ ճաքերը, որոնցից ժայթքում է լավան, հասել են 10-ի։ Ինչպես հաղորդել է տեղի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Թալմադգե Մագնոն, լավայի ժայթքումը հասել է 70 մետր բարձրության, հրաբխի ժայթքումը դեռ շարունակվում է։
Տարհանված բնակիչներին թույլատրվել է կարճ ժամանակով վերադառնալ իրենց տներ՝ ընտանի կենդանիներին ու անհրաժեշտ դեղորայք վերցնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել է շուրջ 10 000 բնակչի տարհանման մասին։
Իշխանությունները զգուշացրել են, որ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ, իսկ հրաբխի արևմտյան հատվածում ակտիվությունն այդքան էլ շուտ չի դադարի։

















