Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար. Նիկոլ Փաշինյան

12:57 • 11.05.18

Այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի Պաշտպանության նախարար, իսկ մյուս նախարարների նշանակումները կլինեն առաջիկայում. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ոչ թե կոալիցիոն, այլ համաձայնության կառավարություն են ձևավորելու:

«Կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք և «Ծառուկյան» դաշինքը, այո՛, նույնպես ներգրավված կլինի կառավարությունում»,-ասաց նա:

Հարցին՝ Դաշնակցությունը կլինի՞ կառավարությունում, ասաց, որ քննարկումները շարունակվում են:

Բացի այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը կազատվի Ոստիկանության զորքերից: Իսկ թե կատարված բռնի գործողությունների համար ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչներ պատիժներ կստանա՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նրանք, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր՝ կիրականացվեն: 

«Մյուս մասերով ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,-ասաց նա: 

Անդրադառնալով հարցին՝  ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական կտրվի՞, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր գործերին պատասխան կտրվի: «Եթե կոնկրետ դեպքեր նկատի ունեք, եթե կան, հիմա դժվարանում եմ ասել՝  կոնկրետ դեպք, բայց ամեն ինչ կարվի»,-ասաց նա: