Ուշ թե շուտ Ադրբեջանը համաձայնելու է Արցախի ներգրավվմանը բանակցություններում. Դավիթ Բաբայան

20:48 • 12.05.18

Արցախը բանակցությունների կողմ վերադարձնելու գործընթացը բարդ և աշխատատար է լինելու: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Երկու տասնամյակ է՝ ինչ բանակցային գործընթացն ընթանում է ոչ լիարժեք ձևաչափով, որովհետև դրան չի մասնակցում Արցախը: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը այս տարիների ընթացքում փորձում են վերականգնել լիարժեք ձևաչափը: Հիմա էլ կաշխատենք այդ ուղղությամբ, չնայած հասկանում ենք, որ դա բարդ գործընթաց է»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանն ասաց, որ հայկական կողմը համառորեն աշխատելու է, որպեսզի Արցախի դառնա բանակցող կողմ, և Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերը մեկտեղելու դեպքում հաջողություն կգրանցվի:

Այդուհանդերձ, ըստ նրա, Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է բանակցություններում Արցախի ներգրավվմանը: «Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ խոչընդոտի, նրանք չեն համաձայնի: Բարդությունը սա է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը դժվարացավ ասել, թե ինչ զարգացումներ կլինեն՝ Ադրբեջանի բացասական պատասխանի պարագայում: «Այո, Ադրբեջանը հիստերիկ արձագանք է տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է չփորձենք, հրաժարվենք այդ գաղափարից: Պիտի փորձենք ամեն ինչ անել, որ բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնվի: Ուշ թե շուտ նրանք համաձայնելու են, որովհետև առանց Ղարաբաղի մասնակցության պարզապես հնարավոր չէ»,- նշեց Բաբայանը:

 

Ուշ թե շուտ Ադրբեջանը համաձայնելու է Արցախի ներգրավվմանը բանակցություններում. Դավիթ Բաբայան